Մատչելիության հղումներ

Բաքուն դատի է տվել CNN-ին՝ մեղադրելով զրպարտության համար

Ադրբեջանը դատի է տվել CNN-ին՝ ամերիկյան լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության համար: Բաքուն պնդում է, թե CNN-ը կեղծ տեղեկություններ է տարածել՝ գրելով, որ Ադրբեջանն Իսրայելին թույլատրել է իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար:

Դելավերի դատարան ներկայացված հայցը, Bloomberg-ի հաղորդմամբ, վերաբերում է հունիսին CNN-ի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Իսրայելը հատուկջոկատայիններ էր ուղարկել Ադրբեջան՝ հետախուզություն իրականացնելու և հարձակումներ գործելու համար: Դրանց շարքում էր մարտի 4-ի հարձակումը, որի հետևանքով սպանվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության պետը:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ այս հոդվածն «անպատասխանատու կերպով սրել է աշխարհաքաղաքական լարվածությունն առանց այդ էլ տագնապալի տարածաշրջանում»՝ խաթարելով Ադրբեջանի չեզոք դիրքորոշումը և վատթարացնելով Իրանի հետ հարաբերությունները:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե հոդվածի հեղինակը հայտնի է «հակաադրբեջանական դիրքորոշմամբ», ինչի մասին CNN-ը «տեղյակ է եղել»:

«CNN-ի կեղծ պնդումները ճշգրիտ հաշվարկված են՝ Ադրբեջանին տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու համար», - նշված է հայցադիմումում:

CNN-ի խոսնակը Bloomberg-ին ասել է, որ լրատվամիջոցը որևէ կերպ կասկածի տակ չի դնում հոդվածի հավաստիությունը:


XS
SM
MD
LG