Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Սենատում հնչեցրած ելույթի առնչությամբ:
«Ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունների օգտագործումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանին անդրադառնալիս, անընդունելի է։ Մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ և նրա մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը»:
Բաքվի փոխանցմամբ՝ «Տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքներում մղված արդար պատերազմից հետո երկարատև խաղաղության համար»:
Բաքվում համարում են, որ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները» իրենց ազգային մշակութային ժառանգության մաս են կազմում և պաշտպանված են՝ անկախ դրանց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։
«Ֆրանսիայի կոչերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկել Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան, իրականության ակնհայտ աղավաղում են։ Ադրբեջանը բազմիցս նախաձեռնել է նման առաքելություններ, բայց, ցավոք, դա անհնար է դարձել... հայտնի խոչընդոտներ այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Հայաստանն ու Ֆրանսիան: Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության կառուցմանը», ըստ ադրբեջանական լրատվականների, ասվում է երկրի արտաքին գերատեսչության տարածած մամլո հաղորդագրության մեջ։