Մատչելիության հղումներ

Բաքուն անընդունելի է որակում Զախարովայի հայտարարությունը Հեյդար Ալիևի վերաբերյալ

Բաքուն սպասում է Հեյդար Ալիևի վերաբերյալ Մարիա Զախարովայի հայտարարությունների մասին ռուսական կողմի պարզաբանումներին:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան, որ վերջին մամլո բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական գործիչների վերաբերյալ հայտարարության մասին հարցին, նշել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, որը որևէ կապ չունի տվյալ թեմայի հետ», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ այս ամենը որակելով անընդունելի։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ քննադատել էր նրա մի շարք հայտարարություններ և ծաղրել որոշ ձևակերպումներ։ Բրիֆինգի ընթացքում Զախարովան տարակուսանք էր հայտնել Փաշինյանի՝ «երրորդ երկրների» մասին խոսքերի և հայ հոգևորականների շրջանում նախկին ԿԳԲ աշխատակիցների հիշատակման կապակցությամբ։

«Ոչ, ինձ համար անհասկանալի է, թե ինչ «երրորդ երկրի» մասին է խոսքը, չեմ հասկանում, թե ում է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԿԳԲ աշխատակիցների մասին։ Ո՞ւմ մասին է նա խոսում։ Պարոն Ալիևի՞ մասին: Ենթատեքստերից ես հասկանում եմ, որ նրա պատկերացմամբ… Բայց չէ՞, նա դա Հեյդար Ալիևի՞ մասին է ասում», - Զախարովան հարցին պատասխանելիս փորձում էր լրագրողից ճշտել՝ իսկ ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Հեյդար Ալիևի անունը այս կերպ հիշատակելը նշանակում է անարգանք նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։

«Այսպիսի հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անպատշաճ հայտարարություններ, որոնք մեծացնում են լարվածությունն ու խաթարում վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմի պարզաբանումներին այս հայտարարության կապակցությամբ», - ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը:


XS
SM
MD
LG