Մատչելիության հղումներ

ՔՊ-ի թեկնածուներն ընտրվեցին, «Ուժեղ Հայաստանինը»՝ ոչ․ ԱԺ-ում հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրում

Լրացված

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանն» առաջադրել էր Վրույր Այվազյանի թեկնածությունը։ Նա, սակայն, չընտրվեց այս պաշտոնում:

Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահը «Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանն է: Տնտեսական հանձնաժողովի նախագահը իշխանության ներկայացուցիչ է՝ Բաբկեն Թունյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրից» Մարիա Կարապետյանը: Այս հանձնաժողովը ղեկավարում է ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը:

Նախօրեին էլ ընտրվել են 4 մշտական հանձնաժողովների՝ Աշխատանքի և բարեկեցության, Կրթության և գիտության, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների փոխնախագահները՝ 2-ը՝ ՔՊ-ից, 2-ը՝ «Ուժեղ Հայաստանից»:

Օգոստոսից մեկնարկած առաջին նստաշրջանում խորհրդարանը նախագահ, փոխնախագահներ և հանձնաժողովների նախագահներ էր ընտրել:

12 մշտական հանձնաժողովներից թափուր է մնում միայն Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այստեղ առաջադրման իրավունքը «Ուժեղ Հայաստանինն է», սակայն առաջին նստաշրջանում իշխող ուժը չընտրեց ընդդիմության առաջադրած երկու թեկնածուներին՝ Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին: «Ուժեղ Հայաստանը» երրորդ անգամ առաջադրել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանին:

XS
SM
MD
LG