Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձություններն արագ են զարգանում. Ռազմածովային շրջափակման մասին Վաշինգտոնի հայտարարության ֆոնին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկզբում հայտարարեց, որ իրանական նավահանգիստներիից դուրս եկած ոչ մի նավ չի անցել, և վեց նավ հետ է վերադարձել, ավելի ուշ, սակայն, հաղորդվեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 20 առևտրային նավ է անցել նեղուցով:
ԱՄՆ շրջափակումը թիրախավորում է հատկապես իրանական նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը։ Ոչ իրանական նավահանգիստներից դուրս եկող կամ դեպի դրանք ուղևորվող տարանցիկ նավերին դեռևս թույլատրվում է անցնել Հորմուզի նեղուցով։
Ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վաշինգտոնի «Նոր գծեր» ռազմավարության և քաղաքականության ինստիտուտի հատուկ նախաձեռնությունների տնօրեն Ազիմ Իբրահիմը, ով երկար տարիներ հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, որ Հորմուզի նեղուցը գնալով դառնում է ավելին, քան պարզապես նավթի միջազգային շուկայի համար կարևոր նեղուց՝ վերածվելով մի տարածքի, որտեղ հատվում են տնտեսական ճնշումները, ռազմական ռիսկերն ու աշխարհաքաղաքական հավակնությունները։
«Ազատություն». - Շրջափակման մեկնարկից երկու օր անց, ի՞նչն եք համարում դրա հիմնական նպատակը։ Դա ճնշո՞ւմ է, թե՞ լծակ։
Ազիմ Իբրահիմ. - «Դժվար է ասել, որովհետև Միացյալ Նահանգների նպատակները փոխվել են։ Հորմուզի նեղուցով անցնող նավթի մոտ 88 տոկոսը իրանական չէ։ Սա նշանակում է, որ Պարսից ծոցի երկրները և խոշոր սպառողները, ինչպիսին Չինաստանն է, որը իր նավթի մոտ մեկ երրորդը ստանում է այս երթուղուց, խիստ տուժել են։
Մենք արդեն տեսել ենք Պեկինի կողմից հակադարձման ազդանշաններ։ Պեկինում շեշտում են, որ Չինաստանի և Իրանի միջև էներգակիրների ոլորտում ձևավորված պայմանավորվածությունները չեն կարող արտաքին միջամտությունների ենթարկվել։ Հաղորդվում է, որ որոշ նավեր, մասնավորապես՝ չինական, անխոչընդոտ անցնում են նեղուցով, ինչը լուրջ հարցեր է առաջացնում այս քայլի իմաստի և արդյունավետության մասին»:
«Ցավը կլանելու երկարաժամկետ կարողություն»
«Ազատություն». - Բայց Միացյալ Նահանգները ձգտում է լծակներ ստանալ։ Որքա՞ն արագ դա կարող է վերածվել իրական զիջումների։
Ազիմ Իբրահիմ. - Սա հիմնական մարտահրավերներից է։ Այս հակամարտության ելքը որոշելու է ոչ թե այն, թե ով կարող է ամենաշատ վնասը հասցնել, այլ այն, թե ով կարող է ամենաերկարը դիմանալ։ Միացյալ Նահանգներն, անկասկած, ունի գերազանց ռազմական ուժ։ Սակայն Իրանը ցույց է տվել ցավը կլանելու երկարաժամկետ կարողություն։
Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Իրանը կրեց հսկայական կորուստներ, այդ թվում՝ ենթարկվեց քիմիական հարձակումների, բայց չհանձնվեց։
Թեհրանի համար սա գոյաբանական նշանակություն ունի։ Զիջումը կարող է նշանակել ռեժիմի ավարտը։
Իրանի առաջնորդները նաև ուսումնասիրել են Միացյալ Նահանգների մասնակցությամբ նախորդ հակամարտությունները՝ Վիետնամի և Աֆղանստանի պատերազմները: Երկու դեպքում էլ Միացյալ Նահանգները հաջողության հասավ մարտադաշտում, բայց, ի վերջո, նահանջեց: Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը համբերություն չունի երկարատև դիմակայության համար։
Այնպես որ, Իրանը, հավանաբար, կսպասի: Նրա համակարգը տասնամյակների ընթացքում կառուցվել է հենց այսպիսի ճնշմանը դիմանալու համար։
«Ազատություն»․ - Եթե Իրանը շարունակի դիմադրել, ո՞րն է լինելու Վաշինգտոնի հաջորդ քայլը՝ ավելի շատ ճնշում, թե՞ ռազմավարության փոփոխություն։
Ազիմ Իբրահիմ. - Եթե ես փորձեմ կռահել, կասեմ, որ շրջափակումը գնալով կարող է պարզապես թուլանալ ու ի վերջո անհետանալ: Նավերը, հատկապես խոշոր տերությունների, կշարունակեն նեղուցով անցնել: Ի վերջո, Միացյալ Նահանգները կարող է հայտարարել հաղթանակի մասին և նահանջել։
Սակայն երկարաժամկետ հետևանքները կարող են զգալի լինել: Իրանը Հորմուզի նեղուցը, որի միջով անցնում է համաշխարհային նավթի առևտրի մոտ 20 տոկոսը, փաստացի վերածել է զենքի: Սա Թեհրանի համար շահույթ ստանալու հնարավորություն է ստեղծում՝ անվտանգ անցման համար նավերից վճար գանձելու միջոցով։
Հավանաբար, ամենաանհանգստացնողը ռազմավարական «դասն է», որ Իրանը կարող է քաղել։ Այս պայմաններում, երբ այլևս չկա նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և միջուկային զենքի վերաբերյալ նրա կրոնական արգելքը, Թեհրանը կարող է եզրակացնել, որ միայն միջուկային զսպման միջոցը կարող է կանխել ապագա հակամարտությունները։ Այդ արդյունքը կհակասի գրեթե բոլոր միջազգային դերակատարների նպատակներին։
Հնարավո՞ր է զսպել Իրանի հակադարձումը
«Ազատություն». - Եթե լինի հակադարձում, որքանո՞վ է հնարավոր այն զսպել։ Արդյո՞ք ավելի լայն էսկալացիայի վտանգ կա։ Արդյո՞ք մենք արդեն մոտենում ենք այն կետին, երբ հակամարտությունը կարող է ընդլայնվել ու դուրս գալ Հորմուզի նեղուցից՝ ներգրավելով տարածաշրջանային կամ արտաքին այլ դերակատարների։
Ազիմ Իբրահիմ. - Իրանն արդեն իսկ ազդարարել է, որ կարող է թիրախավորել Պարսից ծոցի երկրների աղազերծման կայանները: Մի տարածաշրջանում, որտեղ ջրի հետ կապված մեծ խնդիրներ կան, դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ։
Միևնույն ժամանակ, ամերիկյան ռազմական բազաները, որոնք երկար ժամանակ համարվել են անվտանգ՝ օդային գերազանցության շնորհիվ, ավելի ու ավելի խոցելի են դառնում անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների համար։ Մարտադաշտը փոխվել է։ Կա նաև արտաքին միջամտություն։ Ռուսաստանի կողմից հետախուզական, իսկ Չինաստանի կողմից՝ նյութական աջակցությունն ազդում է ուժերի հարաբերակցության վրա։ Իրանը դեռևս ունի զգալի ասիմետրիկ լծակներ։
«Ազատություն». - Ի՞նչ դիրքորոշում ունեն ԱՄՆ դաշնակիցներն այս հարցում։
Ազիմ Իբրահիմ. - Խնդիրն այն է, որ Հորմուզի նեղուցում տեղի ունեցած խափանումներից ամենաշատը տուժած երկրները հնարավոր է՝ ավելի շատ հակված լինեն մեղադրել Վաշինգտոնին, քան Իրանին։
Միացյալ Նահանգները աշխարհի ամենախոշոր նավթարտադրողն է և պակաս խոցելի է մատակարարման ցնցումների նկատմամբ։ Մինչդեռ, Պարսից ծոցի էներգակիրներից մեծապես կախված երկրները կարող են լուրջ հետևանքների բախվել։
Մենք արդեն իսկ տեսնում ենք Միացյալ Նահանգների օգնությամբ ստեղծված միջազգային կարգի մասնատման նշաններ։ Որոշ երկրներ բացեիբաց դիտարկում են բանակցություններում Վաշինգտոնին շրջանցելու հնարավորությունը։ Սա էական փոփոխություն է։
«Ազատություն». - Արդյո՞ք Չինաստանն ու Ռուսաստանը օգտվում են ստեղծված իրավիճակից։
Ազիմ Իբրահիմ. - Այո՛։ Նրանք տեսնում են, որ Միացյալ Նահանգները խրվում է Մերձավոր Արևելքի մեկ այլ ծախսատար ու բարդ հակամարտության մեջ։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ծախսում է հսկայական ռեսուրսներ և սպառում է իր զինամթերքի պաշարը։
Սա նաև բացահայտում է Միացյալ Նահանգների և Եվրոպայի ռազմաարդյունաբերական բազայի սահմանափակումները՝ երկարաժամկետ, բարձր ինտենսիվության հակամարտություն վարելու համար։
Հատկապես Չինաստանի համար կան ռազմավարական հնարավորություններ։ Ենթադրաբար, նույնիսկ Թայվանի շրջափակումը կարող է կտրուկ փոխել համաշխարհային իրավիճակը՝ հատկապես հաշվի առնելով Թայվանի կենտրոնական դերը կիսահաղորդիչների արտադրության մեջ։
«Ազատություն». - Վերջնական արդյունքում, ինչպիսի՞ տեսք կարող է ունենալ հաջող ելքը։
Ազիմ Իբրահիմ. – Լավագույն տարբերակով դա կնշանակեր բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնագիր, որի շրջանակում Իրանը կպարտավորվի հրաժարվել միջուկային զենք ունենալու հավակնություններից, թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը լիարժեք ստուգումներ անցկացնել իրանական միջուկային օբյեկտներում և քայլեր կձեռնարկի տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու համար։ Դրա դիմաց այն կստանա պատժամիջոցների մեղմացում և որոշակի տնտեսական վերաինտեգրում համաշխարհային համակարգում։
Սակայն, իմ կարծիքով, այդ արդյունքն ավելի ու ավելի անհավանական է դառնում։ Թեհրանի տեսանկյունից, նույնիսկ համաձայնագրի պահպանումը կարող է չապահովել կայուն անվտանգության երաշխիքներ։ Իրանի ղեկավարությունը կարող է հաշվարկել, որ համաձայնագրերը կարող են չեղարկվել կամ խաթարվել ժամանակի ընթացքում, հետևաբար, Միացյալ Նահանգների և նրա գործընկերների հետ առճակատումը գործնականում անխուսափելի է։
Արդյունքում, նրանք կարող են եզրակացնել, որ Իրանի համար ավելի իրատեսական է շարունակել դիմակայել ճնշմանը հիմա՝ հետագայում ավելի շատ զսպման հնարավորություններ ունենալու համար, քան հույսը դնել այնպիսի գործարքի վրա, որը կարող է կա՛մ պահպանվել, կա՛մ չպահպանվել։ Սա այն մարտահրավերն է, որի առջև այս պահին կանգնած է Միացյալ Նահանգները։
Այս հարցազրույցը խմբագրվել է հակիրճության և պարզության նպատակով: