Մատչելիության հղումներ

Ավինյանը հարցնում է՝ հունվարի 1-3-ին որտե՞ղ էին ձյունը մաքրող թաղապետարանների աշխատակիցները


Գործակարգավարականի այսօրվա նիստը դժգոհությամբ սկսած քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե հունվարի 1-3-ը որտե՞ղ էին Երևանի վարչական շրջանների այն աշխատակցիները, որոնք ձյան առատ տեղումներից հետո պետք է գործի անցնեին:

«Վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ», - ասաց Ավինյանը:

Հիշեցրեց՝ դեռ 2 տարի առաջ են քննարկել այս հարցն ու վարչական շրջաններում աշխատակիցների հատուկ խմբեր առանձնացրել. «1-ից 3-ն այս մարդիկ տունն են եղել, Նոր տարի էին անում, հասկանում եմ, իհարկե, դա էլ է մոտեցում, բայց այն մոտեցումը չէ, որի մասին ես խոսել եմ տարեվերջին: Ես հատուկ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, որ մենք ունենք ձյուն, դեռ դեկտեմբերի վերջին եմ խոսել դրա մասին ու պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկրը»:

Թաղապետարաններից դժգոհ Ավինյանը գոհ էր միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատանքից, ասաց՝ իրենց պարտականությունը լավ են կատարել՝ Երևանի գլխավոր և երկրորդային փողոցներում խնդիրներ չեն եղել: Իսկ վարչական շրջանները, պնդեց՝ բավարար ջանք չեն գործադրել, որ տնտեսվարողներին հիշեցնեն ավագանու 2009 թվականից գործող որոշումը, ըստ որի ձյան տեղումներից 4 ժամ անց տնտեսվարողը պարտավոր է իր տարածքը մաքրել, հակառակ դեպքում կտուգանվի:

«Ի՞նչն է հիմք, որ կարողանում եմ սա պնդել, որովհետև մենք ունենք վարչական շրջաններ, ովքեր բացարձակապես որևէ վարչական տուգանք էս հոդվածով չեն գրել այս շրջանում: Դրանք 4-5-ն են: Այն վարչական շրջանները, որոնք չգիտեմ՝ ինչ պատճառով ու ինչ հիմնավորմամբ այս վարչական տուգանքները չեն գրել, իրականում պետք է բացատրեն ու հիմնավորեն, որովհետև ինջ մոտ մեծ հարց է առաջանում: Լավամարդ դուրս գալը լավ բան չի», - ասաց քաղաքապետը:

Պնդումը, թե տնտեսվարողները պատշաճ տեղեկացված չեն եղել իրենց պարտականություների մասին, Ավինյանը հիմնավորեց մի պատմությամբ։ Կիևյան փողոցի տնտեսվարողներից մեկն իր տարածքի դիմացի հատվածը մաքրելիս, տեսնելով Ավինյանին դժգոհել է, թե այդ աշխատանքի համար իրեն պետք է վճարեն. «Այսինքն՝ այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել, պարտավոր են նաև համատիրությունները»:

Ավինյանը համեմատեց քաղաքապետարանի 2 վարչությունների ու վարչական շրջանների այն աշխատակցիների թիվը, որոնց ուղիղ պարտականությունն իրավախախտումներ արձանագրելն ու տուգանելն է: Վարչական շրջաններն այդ գործով զբաղվող մոտ 300 աշխատակից ունեն, հայտարարեց քաղաքապետն ու զգուշացրեց. «Ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս, և ես հասկանում եմ, որ այդտեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք անպայմանորեն: Անհամադրելի քանակ է, այսինքն, մեկ հասարակական կարգի պահպանության աշխատակիցը միջինացված անգամներով վարչական իրավախախտում է արձանագրում, քան մեր վարչական շրջանի համապատասխան նույն աշխատակիցը»:

«Ազատության» ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած քաղաքացիներն արդեն 2-րդ օրն է շարունակում են սառցակալած կամ ձնով պատված տարածքների լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել, դրանց մի մասը հենց տոնական օրերին են արվել, մի մասն էլ վերջին 1-2 օրերի կադրեր են: Քաղաքապետարանից հիշեցնում են՝ բակային տարածքները պետք է համատիրությունը մաքրի, դրա համար բնակիչները վճարում են:

Արաբկիրի բնակիչ Անահիտ Նաղդալյանի մայրը հենց իր շենքի բակում էր ընկել սառույցի վրա ու կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվել:

Դուստրն «Ազատությանն» ասաց՝ մոր վնասվածքն այնքան լուրջ է, որ ոտքը պրոթեզավորվել է, ձեռքն էլ գիպսի մեջ է: Թեև Առողջապահության նախարարությունից ու քաղաքապետարանից խոստացել են փոխհատուցել, բայց բարկությունը դեռ չի անցել:

«Պատրաստվում էինք դատական հայց ներկայացնել համատիրության ու քաղաքապետարանի մասով, քանի որ ինչպես տեղեկացա քաղաքապետարանի թեժ գծից, շենքի շրջակայքի համար 1,5 մետր շառավղով պատասխանատու էր համատիրությունը, մնացած փողոցային հատվածը պետք է մաքրեր քաղաքապետարանը», - ասաց Անահիտ Նաղդալյանը:

Տոնական ու հետտոնական օրերին վիճակը նույնն է եղել նաև մարզերում, օրինակ՝ Չարենցավանում, Աբովյանում, Արգել գյուղում, Վանաձորում, Գյումրիում և այլ համայնքներում: Թե՛ Երևանի և թե՛ մարզերի համապատասխան մարմինները վերջին օրերին սկսել են արդեն մաքրման կադրեր հրապարակել:

Երևանի քաղաքապետարանից համատիրություններին հիշեցնում են՝ աղ ու ավազի 4 պահեստ կա քաղաքում, կարող են ստանալ ու շաղ տալ իրենց տարածքներում:

Երևանի քաղաքապետարանից շաբաթ օրն «Ազատությանը» փոխանցել էին՝ իրենց տարածքը չմաքրած տնտեսվարողները տուգանվել են 10-20 հազար դրամի չափով, վարչական իրավախախտման վերաբերյալ 280 արձանագրություն է կազմվել: Թե վերջին քանի՞ օրերին են կազմվել այս արձանագրությունները ու հատկապես ո՞ր վարչական շրջաններում, չեն մանրամասնում:



XS
SM
MD
LG