Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, դարձյալ, վերջին երեք օրերի ընթացքում՝ արդեն երկրորդ անգամ հարվածներ են հասցրել բռնակցված Ղրիմին։ Այդ մասին վկայում են ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքների տեղեկությունները և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագիրը։
«Крымский ветер»-ը, հղում անելով իր բաժանորդներին, գիշերը հայտնել է պայթյունների մասին Ֆեոդոսիայում, Կերչում, Կրասնոպերեկոպսկում և Շչոլկինո քաղաքի շրջանում։
Supernova+ ալիքի տվյալներով՝ անօդաչու սարքերը կրկնակի հարված են հասցրել Կերչի նավահանգստի նավթաբազային, TES-Terminal նավթամթերքների պահեստավորման և բեռնափոխադրման համալիրին, ինչպես նաև Կերչի նեղուցի ռուսական կողմում գտնվող «Կավկազ» նավահանգստին։
«Крымский ветер»-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնում է, որ «Կավկազ» նավահանգստի նավթային տերմինալի տարածքում առաջացել են հրդեհի նոր օջախներ։
Տելեգրամյան ալիքները, վկայակոչելով NASA FIRMS ծառայության տվյալներն ու արբանյակային լուսանկարները, հաղորդում են հրդեհների մասին «Նասոսնայա-2» ենթակայանում, Կերչի «Յուժնայա» երկաթուղային կայարանում և Արշինցևո շրջանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում։
Ղրիմի էլեկտրացանցերից հայտնել են, որ Կերչի վրա հարվածներից հետո թերակղզու մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Եվպատորիայում, էլեկտրամատակարարումը դադարել է։