Մատչելիության հղումներ

«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել

ԱԽ քարտուղար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խոսակցությունից հետո՝ քաղաքացի Եսայի Քարամյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Քրեական գործ է հարուցվել պաշտոնյային սպառնալու համար, Քարամյանին ձերբակալել, մեքենան առգրավել ու երեք ամիս է չեն վերադարձնում։

Եսայի Քարամյանը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ
Եսայի Քարամյանը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ

«Ցույց տվեցի ձեռքս, ասացի՝ հիշո՞ւմ ես սա, սրա համար պատասխան ես տալու: Ինքը սկզբում զարմացած էր, հարցրեց՝ «բա ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։ Ասացի շատ ուղիղ, հունիսի 12-ի դեպքերի հետ կապված է այս վնասվածքը եղել», - «Ազատության» հետ զրույցում պատմում է Քարամյանը:



Եսայի Քարամյանի ձեռքը
Եսայի Քարամյանի ձեռքը

Եսայի Քարամյանը 2024-ի հունիսյան դեպքերի տուժողներից է։ Երբ ոստիկաններն ուժով ու լուսաձայնային նռնակներով ցրեցին Բագրատ սրբազանի առաջնորդած ցույցը, Քարամյանի աջ ձեռքի կեսը մնաց, մատներն ու դաստակի մի մասը կտրվել են, նռնակն ընկել էր Քարամյանի ոտքերի մոտ, կռացել, վերցրել ու ձեռքում պայթել է։


Պաշտոնական տվյալով մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝ ցուցարարին ծանր վնասվածք պատճառելու համար։ 2024-ի հունիսի 12-ին ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների դեմ հատուկ միջոց կիրառեց, շուրջ 100 մարդ վիրավորվեց։ Իրավապաշտպաններն այն ժամանակ պնդել էին, որ ոստիկանությունն այդ օրը արգելված «Զարյա 3» հատուկ միջոց է կիրառել: Իրավապահները, սակայն գաղտնի էին պահում այս տեղեկությունը: Բարձրացված աղմուկից հետո արդեն Առողջապահության նախարարի հրամանով «Զարյա 3-ի» կիրառումը թույլատրվեց, ինչպես իրավապաշտպաններն էին նկատել՝ այդ կերպ սրբագրելով թույլ տրված ապօրինությունը:

Ինչից հետո են իրավապահները գնացել քաղաքացու հետևից

Նախընտրական քարոզարշավի օրերին Արաբկիրում Եսայի Քարամյանը «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական խմբում նկատելով Ալեն Սիմոնյանին՝ մեքենայի ապակին իջեցրել է, վնասված ձեռքը ցույց տվել ու ասել՝ պատասխան է տալու։ Մեկ ժամ չանցած իրավապահները գնացել են նրա հետևից։

«Ասացի՝ դու ինձ զրպարտել ես, որ հայտարարել ես, որ ես կռացել եմ այդ նռնակը վերցրել, իբրև թե, ոստիկանների վրա շպրտելու համար։ Ինքն էլ զարմացած՝ «բա ինչի՞ համար էիր կռացել, վերցրել էիր ջեբդ դնեի՞ր»։ Նորից կրկնեցի, որ պատասխան է տալու այս ամեն ինչի համար։ Միանգամից բորբոքված՝ «բա սպառնո՞ւմ ես»։ Ասեցի՝ չէ, օրենքով, բա՝ «արի խոսանք։ Դե, բնականաբար, մեքենան փողոցի մեջտեղը չէի կանգնեցնելու, կնոջս ու տարուկեսական երեխային էլ չէի թողնելու մեջը, հելնեի իր հետ խոսայի, հատկապես, որ խոսելու բան էլ չկա։ Ու արդեն դե հասկանալով, որ խցանում է առաջանում, շարունակեցի ճանապարհս ու լսեցի հետևից հրահանգը, որ՝ «համարները գրեք», - «Ազատությանը» պատմեց Քարամյանը։

Ցույցեր՝ ԱԺ-ի մոտ, 2024թ.
Ցույցեր՝ ԱԺ-ի մոտ, 2024թ.

ԱԺ նախկին խոսնակի հետ զրույցից հետո ոստիկանները զանգել էին Եսայի Քարամյանին ու պահանջել, որ իրենց հետ սեփական մեքենայով հասնի Երևանի քննչական վարչություն։ Հասնելուն պես ձեռքերը շղթայել են, ձերբակալել, հեռախոսն ու մեքենան առգրավել, խուզարկել։ Նույն օրը Քննչականը քրեական գործ է հարուցել հոգեկան ներգործության հոդվածով։ Սա սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգելու սպառնալիքն է, եթե կատարվել է խուլիգանական դրդումներով կամ քաղաքական կամ այլ հայացքներով, ատելության ու թշնամանքի շարժառիթով։

Ալեն Սիմոնյանի հետ զրույցից մեկ-երկու օր անց իրավապահները նաև քաղաքացու տունն են խուզարկել, ասում է՝ օրինական որսորդական զենքեր է ունեցել, դրանք էլ են տարել։

Ի՞նչն են քննիչները որակել պաշտոնյային ուղղված սպառնալիք

Եսայի Քարամյանի փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել՝ հիմնավորելով նախաքննական գաղտնիությամբ։ Միայն նշեց, որ այս երեք ամսվա ընթացքում Ալեն Սիմոնյանի հետ առերեսում չեն արել ու մերժել են նաև այդ պահանջով իրենց դիմումները։ Ո՛չ մեղադրանք են առաջադրում, ո՛չ գործը կարճում, ո՛չ ավարտում, դատարան ուղարկում։

Փաստաբանը եզրահանգում է, որ քննիչներն այս գործը ձգձգում են մեկ պատճառով. «Այս բոլորն ակնհայտ խոսում են նրա մասին, որ պարզապես մի անհատի հրահանգներ են իրականացնում»։

«Մենք որևէ բողոք չունենք»

Ալեն Սիմոնյանը, որ ընտրություններից հետո նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, ի՞նչ է լսել իրավապահների գործողություններից տուժած քաղաքացուց, որ համարում է սպառնալիք։ «Ազատությունը» փորձեց լսել այս պատմությունը նաև Ալեն Սիմոնյանից։ Նրա խոսնակը փոխանցեց այս տեքստը. «Այդ միջադեպը եղել է հանրային վայրում, գտնվում է իրավապահների տիրույթում։ Մենք էլ որևէ բողոք այդ մասով չունենք, չնայած հանգամանքին, որ Ձեր կողմից նշված անձը հանրային վայրում միջադեպ է հրահրել, սպառնալիքներ հնչեցրել, բայց մենք որևէ բողոք չունենք և չենք էլ պատրաստվում ներկայացնել»։

Ալեն Սիմոնյանն այդպես էլ չի նշել՝ ինչ սպառնալիքներ է հնչեցրել քաղաքացին, որ կնոջ ու մեկուկես տարեկան երեխայի ներկայությամբ մեքենայից նրա հետ զրույցի է բռնվել: Եթե Սիմոնյանը բողոք չունի, իրավապահներն ինչպե՞ս են իմացել զրույցի մասին գործ հարուցել տղամարդուն ձերբակալել տունը խուզարկել ու մեքենան առգրավել, ո՞վ է դիմել իրավապահներին, այս հարցերին խոսնակը չարձագանքեց:

Ի՞նչ փուլում է այս գործը, ինչո՞ւ միջադեպից երեք ամիս անց չեն վերադարձնում Եսայի Քարամյանի մեքենան ու անձնական իրերը: Քննչական կոմիտեից հստակ չեն պատասխանել: Նշել են՝ նախաքննությունը շարունակվում է, գործով ո՛չ տուժող կա, ո՛չ մեղադրյալ:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG