Մատչելիության հղումներ

«Արցախցիների իրավունքների դեմ Ալիևի ու Փաշինյանի վարչակարգերը պայքարում են ձեռք ձեռքի». Արտակ Բեգլարյան

«Մեկդ չասի, որ Հայաստանում Ղարաբաղի Ազգային ժողով կա, կառավարություն կա, արմատախիլ եմ անելու բոլորիդ», - Հայաստանի ղեկավարի այս սպառնալիքներից օրեր անց հրապարակվեց դատարանի որոշումը, որ Արցախի վերջին գույքը՝ Երևանում ներկայացուցչության շենքը էլ նրանցը չէ: Դատարանը բավարարել է դատախազության դիմումն ու անվավեր ճանաչել այս շենքի նկատմամբ Արցախի սեփականության իրավունքը:

Արցախի թեմաներով խոսելը պատերազմի վտանգ համարող Փաշինյանը դեռ անցած տարի էր ասել՝ այդ գույքը պետք է Հայաստանին պատկանի: Դատախազությունն անցած տարվանից է դիմել դատարան՝ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար, որոշումն այս շաբաթ հրապարակվեց:

Այս շենքը տասնամյակներով Արցախի ներկայացուցչությունն է եղել: Արցախի հայաթափումից հետո նախկին պաշտոնյաները, նրանց հարցերով զբաղվող պատասխանատուներն այստեղ են նստում: Բռնի տեղահանված արցախցիներն առաջինն այս շենքի դռներն են թակում՝ իրենց հոգսերով ու խնդիրներով: Ինչո՞ւ է Փաշինյանը դեմ, որ արցախցի նախկին պաշտոնյաները մնան այս շենքում, չի բացատրել:

«Սա արմատախիլ անելու որոշումներից մեկն է, սպասելի էր, որ այս որոշումը կլիներ դատարանի կողմից, որը հստակորեն ապօրինի ու անհիմն որոշում է, որևէ իրավական հիմք չկա դրա տակ: Հստակ քաղաքական նկատառումներից ելնելով որոշում են կայացրել», - ասաց Արցախմիության ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանին չի զարմացրել դատարանի որոշումը: Կասկած չունի բոլոր ատյաններում էլ նույնը կլինի, եթե Փաշինյանը վերընտրվի. «Եթե չմնան, հույս կա, որ արդեն դատարանները անաչառ, օբյեկտիվ որոշումներ կկայացնեն»:

Դատարանի որոշման հետ չեն հաշտվի, կբողոքարկեն Վերաքննիչում: Այս շենքից 33 քառակուսի մետր անհատույց օգտագործման իրավունքով նախկինում հատկացվել է «Ֆիդես» վարկային կազմակերպությանը: Դատարանը հրաժարվում է Արցախի կառավարությանը կողմ ներգրավել, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: Նա այս կազմակերպության միջոցով է դատարանում պայքարում Արցախի սեփականության իրավունքի համար:

«Այս շինությունը խորհրդանշանական իմաստ ունի արցախցիների համար, որպես մեր վերջին շոշափելի շինություն», - նշեց Բեգլարյանը:

Փաշինյանը, որ Ղարաբաղի հարցը փակել է, անհնար է համարում տեղահանվածների վերադարձը և արցախցիներին կոչ է անում տնավորվել Հայաստանում: Արտակ Բեգլարյանը կարծում է՝ Արցախի հետ կապված միակ գույքը վերցնելու մղումը Փաշինյանի քաղաքականության շարունակությունն է:

«Ցանկանում են ամեն ինչ ոչնչացնել, ինչն Արցախի հետ է կապված, դրա միջոցով նաև ինքնությունը, հիշողությունը հարվածի տակ դնել», - ասաց նա:

Արտակ Բեգլարյանը, որ Ղարաբաղում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ու հիմա էլ ակտիվ զբաղվում է արցախցիների իրավունքների հարցերով համոզված է՝ եթե ընտրվի Փաշինյանը, ավելի կսրի պայքարը իրենց իրավունքներից խոսող արցախցրիներ դեմ: Հայաստանի ղեկավարի հայտարարություններից ու քայլերից է այդ եզրահանգմանը եկել:

«Արցախցիների դեմ պայքարը ավելի սուր կերպով է շարունակվելու թե՛ ատելության քարոզի տեսքով, թե՛ տարբեր բռնաճնշումների տեսքով: Մեր մտավախությունն այն է, որ իր օրոք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարեն անհամեմատ ավելի դժվար է լինելու, այդ թվում՝ ավելի մեծ զրկանքների ենք բախվելու: Արցախի ժողովրդի իրավունքների ու ինքնության դեմ պայքարը ձեռք ձեռքի վարում են ալիևյան ու փաշինյանական վարչակարգերը՝ հստակորեն նույն մեխին խփելով, համաձայնեցված նույն ուղերձները կիրառելով և այլն»:

Առաջին ատյանի որոշումից հետո արդյոք արցախցի նախկին պաշտոնյաներին կարգելե՞ն այստեղ հավաքվել, դեռ հայտնի չէ: Ներկայացուցչությունում դուրս գալու որոշում դեռ չեն ստացել:

Իրենց իրավունքների հարցերով պայքարող արցախցիները շարունակում են այստեղ հավաքվել: Այսօր երեկոյան էլ քննարկելու են իրենց ընտրելու իրավունքի հարցը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG