Մատչելիության հղումներ

Արթուր Օսիպյանն ազատ արձակվեց, հացադուլը դեռ չի դադարեցրել

Լրացված

Բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեցին Քրեակատարողական ծառայությունից:

Այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին»:

Որոշումն ուղարկվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով:

Արցախցի Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:

Փաշինյանը այնքան էր զայրացել ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին նրա հարցերից, որ գոռգոռալուց հետո անգամ մեղադրեց, թե ինչու չի զոհվել պատերազմում: Արդեն բանտում Օսիպյանը հացադուլ հայտարարեց՝ վարչապետից պահանջելով ներողություն խնդրել իրեն վիրավորելու ու «փախած» անվանելու համար: Փաշինյանը, սակայն, ինքն է ներողության սպասում: Արթուր Օսիպյանի փաստաբանի խոսքով՝ Օսիպյանը հացադուլը չի դադարեցրել։

Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն Օսիպյանի կալանավորումն ապօրինի են որակել՝ պնդելով, որ այն քաղաքական է։ Մի խումբ հանրային գործիչներ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել՝ ընդգծելով, որ արցախցի տղամարդուն ազատ արձակելու դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։

XS
SM
MD
LG