Վարազդատ Համբարձումյան, քարի վրա փորագրություններ անող վարպետ մայրաքաղաք Երևանում
Վերջին կառավարությունը շատ տարօրինակ էր իրեն պահում: Երբ տեսնում էին, որ մի տարեց մարդ աղբի մեջ ինչ-որ բան էր որոնում, նրանք պարզապես նրա կողքով էին անցնում: Եթե 50 տարի առաջ ինչ-որ մեկին պատմեիր, որ Հայաստանում դա հնարավոր կլինի, ոչ ոք չէր հավատա քեզ:
Հեղափոխությունը մեզ համար փորձություն էր, և արժանապատվությունը հաղթանակեց: Դրանից կարևոր բան կա՞ արդյոք: Այժմ մարդիկ կրկին հնարավորություն ունեն, զգացվում է, որ ցանկացած անձ կարող է բիզնես սկսել, ու որևէ մեկը չի գա ու խանգարի նրան անել դա: Հանրապետականները (2018թ. զանգվածային փողոցային բողոքի ակցիաների ճնշման ներքո հրաժարական տված նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական կուսակցությունը) փորձում են տապալել ամեն ինչ։ Սա նշանակում է, որ հեղափոխությունը արդեն իսկ հաջողում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։
Հիմա մենք՝ հայերս միմյանց հանդեպ փոխըմբռնման և սիրո կարիք ունենք, զգում եմ, որ հասնում ենք դրան, բայց դեռ լիովին բավարարված չեմ:
Նարինե Մարտիրոսյան, Ուշի գյուղի ավանդական հրուշակագործ
Մեր գործն ապագա չունի: Ավտոճանապարհի մոտ քաղցրավենի՞ք վաճառել: Մինչև ե՞րբ։ Եթե այստեղ գործարան լիներ, ես կարող էի ունենալ արժանապատիվ, կայուն աշխատանք:
Երբ հեղափոխությունը կատարվում էր, մենք շատ բան չգիտեինք, թե ինչ էր տեղի ունենում: Զգացողություն ունեինք, որ լավ է լինելու: Բայց մինչև այժմ որևէ փոփոխություն չենք տեսնում: Մեր տանիքի հետ կապված խնդիր կա, լսել ենք, որ գյուղերում բոլոր վնասված տանիքները վերանորոգելու նախաձեռնություն կա: Դա, ըստ երևույթին, նոր օրենք է: Չգիտենք` արդյոք ճի՞շտ է դա, թե՞՝ ոչ, բայց, իրոք, հույս ունենք, որ կառավարությունը դա կանի:
Որոշ օրեր մենք կարողանում ենք վաճառել մեր քաղցրավենիքը կամ միրգը, և երեխաներս ուտելու բան են ունենում, այլ օրերին ոչինչ չենք կարողանում վաճառել, և նրանք քաղցած են մնում: Երբեմն նույնիսկ կոշիկ չունեն, որ դպրոց գնան: Ինչո՞ւ պետք է աշխատենք մայրուղու մոտ: Այստեղ մենք գործարանների կարիք ունենք: Եթե լիներ գործարան, կունենայինք կայուն եկամուտ, ինչպես նախկինում էր:
Հայկ Սիմոնյան, Բագարան գյուղի մաթեմատիկայի ուսուցիչ
Չեմ կարծում, թե կրթական համակարգում որևէ բան է փոխվել: Ինչպես տեսնում եմ, մեր նոր կառավարությունը չգիտի, թե որտեղից սկսել բարելավել իրավիճակը: Չեմ կարող ասել, թե այն վատն է, պարզապես շատ շփոթված է:
Շատ բան են պահանջում, բայց մեզ չեն տալիս անհրաժեշտ գործիքները: Մինչև վերջերս դպրոցում միայն մեկ համակարգիչ ունեինք, բայց ամեն օր ուսուցիչներն ստիպված էին մուտք անել գնահատականները առցանց: 19 ուսուցիչ և մեկ համակարգիչ՝ շատ աշխատանք և շատ, շատ դանդաղ ինտերնետ: Գրո՛ղը տանի:
Ես կարող եմ պատմել կառավարությանը այդ խնդիրների մասին, բայց նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ չունեն ռեսուրսներ: Ահա թե ինչու նրանք պետք է ուշադրություն դարձնեն ուսուցման որակին, այլ ոչ թե փաստաթղթերին կամ առցանց գրանցմանը:
Երեխաներից շատերը կյանքի նպատակ չունեն: Նրանք շփոթված են: Դա բխում է կրթությունից. եթե դպրոցում պատշաճ կրթություն ես ստանում, եթե հասկանում ես քեզ շրջապատող աշխարհը, ցանկանում ես լինել այդ աշխարհի մի մասը: Ես ուզում եմ երեխաներին նպատակի զգացում տալ:
Արտակ Սիմոնյան, քահանա Էջմիածնում
Հեղափոխությունը բուռն մակընթացության է նման: Այն իր հետ բերում է ոսկեղեն և կորած ականջօղեր, թանկարժեք ժամացույցներ և այլն: Սակայն այս գանձերի հետ մեկտեղ այն բերում է նաև շատ աղբ: Մարդիկ դեռևս ոգևորված են այս մակընթացության ալիքներով. բոլորը պատրաստ են փոխել իրենց կյանքը: Բայց հիմա մենք պետք է սպասենք, որ ալիքը նահանջի, որ տեսնենք, թե ինչ է մնում: Արդյոք դա ա՞ղբ է, թե՞ գանձ: Այժմ դեռ վաղ է ասել:
Թեև այստեղ, Էջմիածնում, մենք զգում ենք փոփոխությունները: Յուրաքանչյուր մարզ կարող էր ունենալ իր սեփական Մանվելը, այնպես որ քաղաքը շատ խորը զգում է հեղափոխության օգուտները: Հիմա մարդիկ իրենց մեջ երջանկություն են զգում: (Խմբագրից. Մանվել Գրիգորյանը հայտնի պաշտոնաթող գեներալ և նախկին պատգամավոր է, ով ձերբակալվել է 2018-ի դեպքերից կարճ ժամանակ անց և ներկայումս նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրված, այդ թվում՝ շորթման):
Աստղիկ Խաչատրյան, բարմեն Երևանում
Մենք շատ հուզված էինք, երբ տեղի էր ունենում հեղափոխությունը: Հիմա, անձամբ ինձ համար, ես կասեի, որ ես շատ հիասթափված եմ: Ոչինչ չի փոխվել։
Ես սպասում էի, որ քավոր-սանիկությունը կվերանա: Նոր կառավարությունը պետք է ինչ-որ բան անի, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան իրագործելու իրենց ներուժը` անկախ իրենց ունեցած կամ չունեցած կապերից:
Ես ուզում եմ տեսնել բարգավաճ Հայաստան: Ուզում եմ տեսնել, որ մարդիկ բավարարված են իրենց աշխատանքով, այլ ոչ թե չարչարվում են քիչ գումարի համար: Հայաստանում դա շատ տարածված է: Ես գիտեմ մարդկանց նախարարությունում, ովքեր փաստաթղթերը տուն են տանում և գիշերով աշխատում, բայց նրանք ստացածը շատ քիչ է:
Ռուզան Ավոյան, մրգավաճառ Գյումրիում
Գյումրին աղքատ քաղաք է: Այստեղ դժվար է ինչ-որ բան վաճառել: Նույնն է, ինչ միշտ՝ եթե չես աշխատում, ոչ ոք քեզ չի օգնի: Հեղափոխությունը ոչ թե ձախողում էր, այլ, այսպես ասեմ՝ հեղափոխությունը նման է դատարկ նոր տուն ստանալուն, դու դեռ պետք է վերանորոգես և կահավորես այն: Միայն ապուշը կարող է կարծել, թե հեղափոխությունը ինքնին կլուծի ամեն ինչ:
Երկրաշարժի ժամանակ երեխաներիս հետ դրսում էի: (Խմբագրի կողմից. 1988թ. աղետը գետնին հավասարեցրեց Գյումրիի մեծ մասը, մոտ 25 հազար մարդ մահացավ): Մեզ մնացին միայն մեր հագին եղած շորերը: Այնպես որ, նախաձեռնեցի և կառուցեցի իմ սեփական տունը: Որոշ տեղացիներ դեռ սպասում են, որ իրենց նոր տներ են տրամադրելու, մինչդեռ ժամանակավոր կացարաններում են ապրում: «Ինձ կոնֆետ տվեք», - ասում են:
Ինչո՞ւ պետք է կառավարությունը դա անի: Աստված ձեզ խելք և լեզու է տվել: Օգտագործեք դրանք: Կառավարությունը փող չունի, էլ մի սպասեք:
Ռադեկ, հովիվ Լեռնավան գյուղում
Մարդիկ ավելի ազատ են իրենց զգում: Ազատ են՝ արտահայտելու իրենց ցանկություններն ու մտահոգությունները: Նախկինում մարդիկ վախենում էին, որ գուցե սխալ բան ասեն: Նախկին կառավարության օրոք կարող էր լինել ինչ-որ հանրապետական օլիգարխ, ով դժգոհ կլիներ, որ մենք խոսում ենք իրենց կուսակցության դեմ:
Մենք մեր ապրուստի միջոցները վաստակում ենք այստեղ լեռներում մեր անասուններին արածեցնելով, այնպես որ տնտեսապես չենք տուժել: Խորհրդային շրջանում այստեղ գործարաններ կային, և մենք աշխատում էինք: Մնացածը կարևոր չէ: Մարդիկ կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով, եթե ունենան կայուն աշխատանք: Մեր տանը երեք կին կա: Ես նրանց բոլորին էլ պահում եմ։ Նրանք պարզապես տան գործն են անում և աշխատում դաշտերում, քանի որ նրանց համար աշխատանք չկա: Մենք հետամնաց չենք, մենք ուզում ենք, որ մեր կանայք ևս վաստակեն և կարիերա անեն:
Վարուժան Հարությունյան, անասնապահ Եղեգնաձորի մոտ գտնվող գյուղում
Հեղափոխությունից առաջ արտահանման բիզնեսում փոքր խաղացողների համար գրեթե ոչ մի հնարավորություն չկար։ Դա մենաշնորհ էր: Օրենքների առումով ոչինչ չի փոխվել: Սակայն հակամենաշնորհային օրենքները հիմա իրականում գործում են։
Ես սիրում եմ գյուղատնտեսությունը, քանի որ դու տեսնում ես աշխատանքիդ արդյունքները։ Եթե լավ աշխատես, լավ գումար կվաստակես: Ես կարող եմ ամսական հազար դոլար վաստակել, եթե լավ աշխատեմ:
Ես երկիրը որպես ընտանիք եմ պատկերացնում. եթե ընտանիքում բոլորը աշխատում են, ապա այդ ընտանիքը հաջողության կհասնի: Բայց եթե աշխատելու կամք չկա, ապա ընտանիքը կկործանվի: Մենք ունենք հասարակության մի հատված, որը ցանկանում է լավ ապրել, բայց պատրաստ չէ դրա համար աշխատել: Այդ պատճառով էլ վարչապետին (Նիկոլ Փաշինյանին) երբեմն դժվար է լինում լավագույն արդյունքի հասնել, քանի որ մարդիկ չեն ցանկանում օգնել:
Մարդիկ ասում են, որ Հայաստանում աշխատանք չկա: Ես համաձայն չեմ, մարդիկ պարզապես քմահաճ են: Մի նստեք թախտին սպասեք բախտին, ուղղակի աշխատեք: Արեք այն, ինչ դուք լավ գիտեք, և եկամուտը կգա: Եթե ամեն մարդ կարողանար օգտագործել իր բոլոր հնարավորությունները, կունենայինք մեր երազած երկիրը:
---------
Հեղինակ՝ Ամոս Չափել