Չորս օր տևած դադարից հետո, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը կվերագործարկեն:
Այսօր վաղ առավոտյան ըստ էության հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները հավաքվել էին գործարանի մոտ՝ բողոքի ակցիայի, քիչ անց քննիչներն ու ոստիկաններ եկան, փակ դռների հետևում բանակցեցին ընկերության ղեկավարի հետ, որն էլ այնուհետև տեղեկացրեց՝ թույլատրել են վերկսել աշխատանքը. կազմակերպչական հարցերը կարգավորելուց հետո երկրի 82-րդ ամենամեծ ընկերությունը կվերականգնի արտադրությունը:
Գործարանը դադարեցրել է աշխատանքը, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում, ապա կապարակնքել դրանք։
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցների պնդմամբ՝ իրավապահները գործարան են եկել հերթափոխի ժամին, խուզարկել տարածքը, կապարակնքել վարչական շենքն ու հեռացել՝ առանց հստակ բացատրության։
Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկություններին և նրա ձերբակալությանը զուգահեռ կապարակնքվել են նաև Ծառուկյանների ընտանիքին պատկանող այլ ընկերություններ, այդ թվում՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը, «Մուլտի Սթոուն»-ը, «Մուլտի Վելնես»-ը, Օլիմպավանը և «Փարավոն» ռեստորանը։