Մատչելիության հղումներ

Արա Զոհրաբյանի գրառումները և ԲԴԽ հայտարարությունը. ինչու է մտահոգվել խորհուրդը

Փաստաբանների պալատը դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը: Դատավորների հասցեին սուր քննադատությունները համատեղելի են Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ, խորհրդին հակադարձել է պալատը:

Բարձրագույն դատական խորհուրդն օրեր առաջ հորդորել էր փաստաբաններին զերծ մնալ դատավորներին արատավորող հրապարակումներից: Մտահոգված են սոցիալական ցանցերում փաստաբանների գրառումներով ու համարում են, որ նրանց քննադատական գրառումները չեն բխում մասնագիտական էթիկայից ու դատական համակարգը վարկաբեկելու միտում ունեն:

«Արտառոց էր Բարձրագույն դատական խորհրդի անունից տրված հայտարարությունն այն իմաստով, որ մի ամբողջ ինստիտուտի անունից արձագանքում են փաստաբաններին, և պարզ է, որ թիրախում ես էի», - ասաց Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանը:

Խորհրդի հայտարարությունում ոչ մի օրինակ չկա, թե որ գրառումներն են վարկաբեկում դատավորներին, որ գործերով փաստաբաններին հատկապես նկատի ունեն, ինչի մասին է խոսքը: Արա Զոհրաբանի անունն են տեքստում մի տեղ նշել՝ խորհրդի համար քննադատելի սխեմա օգտագործելու համար:

«Միևնույն ժամանակ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները հաջողությամբ կիրառում են հետևյալ կանխատեսելի սխեման՝ դատավորների մասին սեփական դատողությունների հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացում, մամուլի միջոցով տիրաժավորում, սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։ Նկատենք, որ այդ կանխատեսելի սխեման օգտագործում է նաև փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը», - ասված է հայտարարության մեջ։

Արա Զոհրաբյանը կարծում է՝ թիրախում իր վերջին գրառումներից մեկն է, որն ուղղված է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկին: Նա կարգալույծ քահանաների օգտին դատավորների որոշումները համեմատել էր սրբապղծության հետ. «Ես ասել էի, որ դատավորների այս գործողությունները, որոնց վերաբերյալ ես որոշակի տեղեկություններ էի ներկայացրել, գրել էի՝ հոգևոր դաշտում հավասարեցվում են սրբապղծության»։

Իսկ այդ դատավորներից մեկը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն է: Մյուս երկուսը Արմավիրի մարզի դատավորներ Հովհաննես Մելքոնյանն ու Սիմա Աբովյանն են: Ըստ փաստաբանի՝ այս դատավորները քննել են դատական իշխանության տիրույթում չգտնվող հարց ու այդպես քրեական հանցանք կատարել: Փաստաբան Զոհրաբյանը գրել էր, թե դատավորների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության:

«Ամենևին չեմ ասել՝ դատավորը սրբապիղծ է», - նշեց նա:

Պալատից հակադարձում են՝ փաստաբանների մասնագիտական քննադատություններին միջամտելը ժողովրդավարական սկզբունքներից դուրս է, սահմանափակում է նրանց գործունեությունը: Փաստաբանները քննադատելու իրավունք ունեն ու նրանց վարքագծի հետ կապված հարցերն էլ քննում են միայն օրենսդրության սահմանված կարգով:

«Բարձրագույն դատական խորհուրդը կամ խորհրդի որոշ պաշտոնատար անձինք անուղղակի մատնում են, որ այս գործընթացի հետևում իրենք են կանգնած, այսինքն՝ այս դատավորների կողմից նման որոշումներ կայացնելու և, բնականաբար, նման հետևանքների կիրառման տեսակետից իրենք մասնակցում են, և երբ այդ դատավորները հավանաբար բողոքել են, որ այս ի՞նչ է կատարվում, իրենք փորձել են իրենց պաշտպանության տակ վերցնել դատավորներին», - նշեց Զոհրաբյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցնում է՝ ի՞նչ բովանդակությամբ գրառումներ են մտահոգել Բարձրագույն դատական խորհրդին, ի՞նչ փաստեր ունեն: Նա դեմ չէ, որ եթե վիրավորական գրառում լինի, խորհուրդն արձագանքի, դիմի Փաստաբանների պալատ, որ քննեն, բայց, ասում է, թող լինի փաստարկված, ոչ թե անհասցե հայտարարություն:

«Ընդհանրական նման հայտարարություններն առանց ուսումնասիրության, հիմնավորման չի կարելի ընդունելի համարել, մանավանդ որ միայն փաստաբանները չեն, նաև կան այլ քաղաքական գործիչներ, որ դատական իշխանության հեղինակության հետ կապված անթույլատրելի հայտարարություններ են անում», - ասաց նա:

Սաքունցը համաձայն չէ, որ ԲԴԽ-ն խոսել է փաստաբաններին զսպելու նպատակով, նշեց՝ կան փաստաբաններ, որ քաղաքական գործչի պահվածք ունեն:

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունը դատարանների անկախությունը երաշխավորելն է: Խորհրդի մամուլի խոսնակը երկու օր է՝ խոստանում է ավելի ուշ պատասխանել «Ազատության» հարցերին՝ ինչո՞ւ են փաստաբանների քննադատությունները քննարկում, ունե՞ն լիազորություն, կոնկրետ ո՞ր գրառումներն են իրենց մտահոգել, արդյոք խորհուրդը նիստի արդյունքում է այս հայտարարությունն ընդունել:

XS
SM
MD
LG