Մատչելիության հղումներ

Անկլավների ու էքսկլավների հարցով ի՞նչ մանրամասներ են հայտնում պաշտոնյաները և ինչպե՞ս է արձագանքում ընդդիմությունը

Երևանն ու Բաքուն անկլավների և էքսկլավների հարցով քննարկում են այնպիսի տարբերակ, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ, ինչպես ադրբեջանական կողմն է անվանում, Բաշքենդի: Այսօր ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը։

«Դա է փոխանակումը, որ Քյարքին վերջնականապես վերածվի պայմանականորեն Տիգրանաշենի, Արծվաշենն էլ, չգիտեմ իրենք ինչ անուն են դրել կամ դնելու, Բաշքենդ, մնա իրենց: Դա քննարկվում է, և դա հնարավոր է», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Այս հնարավոր լուծման մասին վարչապետը խոսել էր դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ սահմանի որևէ կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն տարածքների համաչափ փոխանակում։ Երեկ արդեն ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ խոսքը Տիգրանաշենի (Քյարքի), Բարխուդարլուի, Սոֆուլուի, Ասկիպարայի և Արծվաշենի մասին է՝ ներկայացնելով, թե այդ փոխանակումը գործնականում ինչպես կարող է իրականացվել:

«Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն, բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա», - նշել է Փաշինյանը:

Թեև Հայաստանում երեք օր է՝ ակտիվորեն քննարկվում է անկլավ/էքսլավների փոխանակման սցենարը, Բաքվից հրապարակային չեն մեկնաբանել հայ պաշտոնյաների հայտարարությունները:

Մինչ այդ խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության քարտուղարը իշխանության առաջ քաշած տարբերակը՝ «առավել քան վտանգավոր է համարում»:

«Իր առաջարկած լուծումը շատ ավելի վատն է, քան այսօրվա իրավիճակը, շատ ավելի վատն է լինելու, նույնիսկ ավելի վատն է լինելու, քան որ Տիգրանաշենը հենց այդպես հանձնվի Ադրբեջանին: Սարսափելի վատ լուծում է: Թող ներկայացնեն իրավական հիմքը, որն իրեն թույլ է տալիս խոսել Տիգրանաշենն Ադրբեջանի իրավազորությանը փոխանցելու մասին», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Այն, որ այս լուծման շուրջ կողմերի միջև փոխադարձ ըմբռնում կա, այսօր տեղեկացրեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, չմանրամասնեց, թե ի՞նչ ձևաչափով և ե՞րբ են Երևանն ու Բաքուն հասել դրան։

Հարցին նախօրեին հակիրճ անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով միայն, որ նման քննարկում է ունեցել Թուրքմենստանում, որտեղ նա ոչ պաշտոնական շփում էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։

Արտգործնախարարը շեշտեց՝ այս սցենարը տեսական հնարավորություններից մեկն է. «Չափած քառակուսի մետրերով տարածքներ սահմանին իրար տան կողմերը, որպեսզի անկլավ/էքսկլավի տրամաբանություն չլինի կամ փոխանակեն, օրինակ, մեր ունեցածը մնա իրենց, այդ քառակուսի կիլոմետրով իրանց ունենցածը....», - ներկայացրեց նա:

Միրզոյանը չբացառեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ընթացքում Երևանն ու Բաքուն անկլավների և էքսկլավների հարցին անդրադառնան ավելի շուտ, քան այն հատվածներին, որոնց սահմանազատումն իրականացնելու որոշում իրավասու հանձնաժողովները կայացրել էին անցած տարեսկզբին։

Եվ մինչ այս հարցով կառավարության տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետը մանրամասներ են ներկայացնում քննարկվող տարբերակներից, սահմանազատման հարցով գլխավոր բանակցող Մհեր Գրիգորյանն այսօր հրաժարվեց բացահայտել, թե անկլավների և էքսկլավների հարցով Հայաստանն ինչ առաջարկներ է արել Բաքվին: Միակ բանը, որ փոխվարչապետը պնդեց, այն է, որ կողմերն այս հարցով համաձայնություն դեռ չունեն:

«Ցանկացած հանդիպում և ցանկացած նույնիսկ քննարկում, որի վերաբերյալ կա հստակություն, անմիջապես հրապարակվում է: Մենք ունեցել են երևի 13 հանդիպում և բոլոր հանդիպումների վերաբերյալ եղել է պաշտոնական հրապարակում, ավելի բան չեմ կարող ասել, որովհետև չկա: Չկա աշխատանք սահմանազատման հետ կապված, որը ֆորմատից դուրս է, այն ֆորմատից, որի մասին տեղյակ եք»:, - ասաց Գրիգորյանը:

2024 թվականին՝ Տավուշի հատվածում հայկական վերահսկողության տակ եղած տարածքները Ադրբեջանին փոխանցելուց առաջ, Գրիգորյանը դարձյալ հերքում էր, թե Բաքվի հետ սահմանազատման օրակարգն է քննարկվել: Երկու ամիս էլ չանցած՝ այդ տարածքները փոխանցվեցին Ադրբեջանին, իսկ գործընթացը ստացավ «պիլոտային սահմանազատում» անվանումը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG