Ֆրանսիայում ոստիկանների և ֆուտբոլային երկրպագուների միջև բախումների հետևանքով ավելի քան 780 մարդ է ձերբակալվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումից հետո, որում «Պարի Սեն-Ժերմեն» ակումբը առավելության հասավ Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում: Այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները:
Փարիզում ձերբակալվել է 480 մարդ, փոխանցել է ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը: Ըստ նախարարի՝ ոստիկանության և ժանդարմերիայի 57 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել:
Բախումները սկսվել են դեռ խաղի ընթացքում. շուրջ 150 մարդ փորձել է ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, որում կազմակերպվել էր Բուդապեշտում ընթացող եզրափակիչ հանդիպման հեռարձակումը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ետ է մղել ամբոխին: Մարզադաշտի մոտ ռեստորան և այլ օբյեկտներ են վնասվել:
Մի քանի հարյուր մարդ փակել է Փարիզի օղակաձև ավտոճանապարհը, ինչը հանգեցրել է լուրջ խցանումների և ճանապարհատրանսպորտային պատահարների, հայտնի է մոտոցիկլետով երթևեկող 24-ամյա երիտասարդի զոհվելու մասին:
Ելիսեյան դաշտերում շուրջ 20 հազար մարդ է հետևել հեռարձակվող եզրափակիչ խաղին: Այստեղ հեծանիվներ և ավտոմեքենաներ են հրկիզել:
Փարիզի ոստիկանությունը հաղորդել է ձերբակալվածներից 24 ազդանշանային հրթիռ և հարյուր պայթուցիչ առգրավելու մասին:
Ընդհանուր առմամբ, անկարգություններ և վանդալիզմի ակտեր են գրանցվել Ֆրանսիայի 15 քաղաքներում:
Հաղորդվում է նաև խանութներ թալանելու մասին: