Թուրքիայի իշխանություններին մտահոգում են տեղեկություններն այն մասին, որ Հունաստանը մտադիր է Էգեյան ծովի Ռոդոս կղզում մշտական հիմունքներով անօդաչու թռչող սարքերի բազա տեղակայել:
«Հյուրիեթ»-ը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, գրում է, որ միջազգային պայմանագրերը պարտադիր կերպով սահմանում են Ռոդոս կղզու ապառազմականացված կարգավիճակը։
Թերթը հիշեցնում է, որ Անկարան նախկինում բազմիցս մեղադրել է Աթենքին Էգեյան ծովի կղզիներում սպառազինություն տեղակայելու ձգտման մեջ և կոչ է արել դադարեցնել այդ գործունեությունը։ Պաշտպանության նախարարությունից նշել են, թե Հունաստանի ռազմական ծրագրերը վնաս կհասցնեն Էգեյան ծովի կայունությանը, և խոստացել են պաշտպանել Թուրքիայի շահերը։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ողջունել է Հունաստանի կողմից Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Կարպատոս կղզուց Կրետե տեղափոխելու որոշումը՝ դրանք թուրքական ափերից ավելի հեռու տեղակայելու նպատակով։
2023 թվականին Թուրքիան և Հունաստանը Աթենքում ստորագրել էին հռչակագիր՝ Էգեյան ծովում առճակատումից խուսափելու նպատակով։ Երկու երկրների միջև, սակայն, շարունակվում են վեճերը ծովային տարածքների և օդային տարածքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ։