Մատչելիության հղումներ

«Անկախ դիտորդ». Երեք տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ապօրինի է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի նիստը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի նիստը

Թիվ 10/51, թիվ 35/65 և թիվ 12/13 տեղամասերում, որտեղ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը, վստահ է «Անկախ դիտորդ» դաշինքը:

Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև «Բարգավաճ Հայաստան»-ի բողոքը քննող վարչական դատարանը, ընդգծում է «Անկախ դիտորդ»»-ը ընտրությունների իր նախնական գնահատականում կատարած լրացման մեջ:

«Առաջին երկու տեղամասերում արդյունքների չեղարկման պատճառը զինծառայողների քվեարկությունն էր ժամը 20։00-ից հետո, երբ կար հիմնավոր կասկած, որ քվեարկելու հնարավորություն ստացած բոլոր զինծառայողները չէին կարող գտնվել քվեարկության սենյակում ժամը 20։00-ի դրությամբ, ինչպես նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածով։

Թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պատճառն այն էր, որ պարզվել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 18։00 տվյալ տեղամասում բացակայել էին «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկները», - նշում է «Անկախ դիտորդ»-ը՝ ընդգծելով, որ նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեները բավարար չէին լինելու Ընտրական օրենսգրքով սահմանած արգելապատնեշի հաղթահարման համար:

«Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակելը «ապօրինի է և խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը», և պատրաստվում է «հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG