Մատչելիության հղումներ

«Այսպիսի անհաջող խաղ չեմ հիշում, ես եմ առաջին մեղավորը». Մելիքյանը՝ Կիպրոսից կրած պարտությունից հետո

Կիպրոս - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Նիկոսիայում  ասուլիսի ժամանակ, 1-ը հոկտեմբերի, 2026թ.
Կիպրոս - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Նիկոսիայում ասուլիսի ժամանակ, 1-ը հոկտեմբերի, 2026թ.

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի Կիպրոս-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Նիկոսիայում պատասխանեց «Ազատության» հարցերին.

«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության»

«Ազատություն». - Պարոն Մելիքյան, ցավալի պարտություն կրեցինք 10 հոգով մնացած մրցակցից, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այսօրվա խաղին և ի՞նչ հետևություններ եք արել։

Եղիշե Մելիքյան. - Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այսպիսի անհաջող խաղ չեմ հիշում, որ ամեն ինչ լավ սկսում ենք, հետո՝ առաջին սխալ, երկրորդ սխալ, ու դրանից հետո պետք է փրկել խաղը։ Այն ժամանակ փրկել խաղը, երբ մեր որակյալ տղաները վնասվածքներ ունեն, և այն ռեսուրսն էլ չունես, որ գնաս խաղը փրկելու։ Բայց, ամեն դեպքում, ես փորձում էի, ամեն քայլի, ամենամեծ ռիսկերի գնացի, որ կարողանայի ստանալ որակ դարպասի մոտ։ Ընդամենը 3 հոգի թողեցինք հետևում, 7 հոգի առջևում. մեծ ռիսկ էր, բայց, հաշվի առնելով, որ մրցակիցը մեկով պակաս էր, արժեր այդ ռիսկին գնալ։

Ղարիբյանին մեկնարկային կազմ էինք ընդգրկել, խաղը չսկսված՝ նախավարժանքին վնասվածք է ստանում։ Բանդիկյանի ոտքը կարծես կոտրվել է, ես չգիտեմ՝ սա արդեն 13-14-րդ կորուստն է։

Հաճելի չի, լավ չի, տխուր ենք, ներողություն եմ խնդրում, բայց մեղավորներ ման չեմ գալիս։ Ես եմ առաջին մեղավորը, ես եմ գլխավոր մարզիչը։

Այս ամեն ինչը ես պետք է թողնեմ մի կողմ, երեք օրից խաղ ունենք, պետք է թիմին հոգեբանորեն պատրաստել, վերականգնել ֆիզիկապես, հետո կունենանք վերլուծելու հնարավորությունը՝ հասկանալու՝ ոնց պետք է շարժվենք առաջ։ Տղաների նվիրվածությունից դժգոհ չեմ։ Գոլերը չեղան, պետք է բոլորս ընդունենք, որ մեղավոր ենք, պետք է շարժվենք առաջ։

«Ազատություն». - Հավաքականն արդեն իսկ մեծ կորուստներով էր սկսել մրցաշարը, իսկ այսօր վնասվածք ստացածների թիվն ավելացավ՝ Բանդիկյան, Արթուր Ղարիբյան։ Առջևում Չեռնոգորիայի հետ խաղն է․ այս կորուստների ֆոնին որքանո՞վ է դժվար լինելու վերականգնել թիմը և պատրաստվել հաջորդ հանդիպմանը, ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակով։

Եղիշե Մելիքյան. - Ես ասում էի՝ դժվար ժամանակահատված է հավաքականի համար մինչև սկսվելը։ Հիմա՝ ամեն խաղից հետո, էս կորուստներով…Ֆուտբոլիստներ կան, որոնք նվիրված աշխատում են, բայց խաղային պրակտիկա չունեն… Էլի աշխատում են տղաները, բայց և՛ այդքան կորուստներ ունենք, և՛ խաղային պրակտիկայի կորուստ։ Խնդիրները շատ են։ Կարող են քննադատել, ընդունում ենք, բայց չենք ընկճվելու։ Սա մեզ ավելի է ուժեղացնելու։

Ինչ են խոսել հանդերձարանում

«Ես հանդերձարանում տղաներին ասեցի՝ բոլորն էլ հասկանում են, որ մենք չենք հաղթել, պարտվել ենք, դրանով մեր ժողովուրդը տխուր է։ Այդ պատասխանատվությունը մենք զգում ենք։ Դրա համար ինչ է պետք անել՝ հավաքվել, աշխատել, գնալ առաջ, թիմային ոգին պահել, գտնել լուծումներ։ Շատ դժվար է լինելու, բայց պետք է սա հաղթահարել ու շարժվել առաջ», - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։

Ի պատասխան հարցի, թե Սերոբյանի և Ղարիբյանի ներկայությունը կարո՞ղ էր իրավիճակը փոխել, Մելիքյանն ընդգծեց. - «Երկուսն էլ կարողանում են գոլ խփել։ Այսօր մենք գոլ խփելու կարիք ունեինք, բարձրահասակ հարձակվողի կարիք ունեինք, էլ չեմ ասում՝ մնացած ֆուտբոլիստներին։ Նույն դիրքում մենք արդեն 4 ֆուտբոլիստի ենք կորցնում»։

«Ազատություն». - Արդյո՞ք, այդուհանդերձ, թիմը չի կարողանում պարտությունից հետո հոգեբանական առումով վերականգնվել։

Եղիշե Մելիքյան. - Մոնտենեգրոյից հետո թիմը ոգիով մտավ դաշտ, պատրաստ էր խաղին։ Բայց շուտ գոլ բաց թողնելը, նման գոլեր բաց թողնելը կոտրում է թիմի մեջքը։ Բայց ընդմիջմանն օգնեցի որքան կարողացա և հիմա էլ օգնում եմ, որ էս ամենը հաղթահարվի։ Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ։

Պետք է դիմանալ, լինում են ֆուտբոլում նման օրեր։ Ֆուտբոլիստներին հանդերձարանում ասացի՝ ներսում մեղավորներ չգտնեք։ Պարտվել ենք, առաջինը ես եմ պարտվել։ Կոլեկտիվը, որը ես շատ դժվարությամբ ստացել եմ, չեմ թողնի մեկ-երկու պարտությունը քանդի մեր ներսը, պետք է միասին լինենք, ընդունենք և շարժվենք առաջ։

Բեգլարյանի մասին

«Ինքը փորձ ունեցող դարպասապահ է։ Մենք մտածում էինք, որ պաշտոնական խաղերին ինչքան էլ իր մոտ առաջնությունում չի ստացվել, ամեն դեպքում, փորձը կարող է իրեն այսօր օգնել։ Ունենք երկու դարպասապահ էլ՝ Միշիևն ու Մատինյանը, որոնք մեզ համար լավ դարպասապահներ են, ուղղակի մտածում էինք՝ առայժմ շուտ է, և որ փորձը կարևոր է։ Մի քիչ չաշխատեց, բայց ոչինչ, մյուս խաղին կմտածենք»։, - ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ուրբաթ երեկոյան Նիկոսիայում Հայաստանի ընտրանին 0:2 հաշվով զիջեց Կիպրոսի թիմին: Եղիշե Մելիքյանի սաները չկարողացան նաև օգտվել քանակական առավելությունից, երբ 52-րդ րոպեին մրցավարը կիպրոսցի ֆուտբոլիստին կոպիտ խաղի համար հեռացրեց խաղադաշտից:

Սա Հայաստանի երկրորդ անընդմեջ պարտությունն էր Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշարում: Երրորդ փուլից հետո Հայաստանի հավաքականը երրորդն է C դիվիզիոնի 2-րդ խմբի կամ J խմբի մրցաշարային աղյուսակում, առաջին տեղում 9 միավորով Չեռնոգորիան է:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG