Մատչելիության հղումներ

Պետք չի քաղաքականացնել, ես եմ որոշում՝ ով պետք է լինի հավաքականում. Մելիքյան

Ընդամենը 8 օրվա ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն արդեն երրորդ հանդիպումն է անցկացնելու Ազգերի լիգայում՝ մրցելով Կիպրոսի հետ։

Խաղից առաջ Նիկոսիայում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը պատասխանել են «Ազատության» հարցերին։

Կառլեն Հովհաննիսյան. - 8 օրվա մեջ 3 հանդիպումը դա բարդ է, բայց հավաքականը պատրաստ է: Միանշանակ գնալու ենք հաղթանակի։ Ու ֆիզիկապես, համարում եմ, որ պատրաստ է հավաքականը:

«Ազատություն». - Չեռնոգորիայից կրած պարտությունից հետո ինչպե՞ս է ձեր տրամադրվածությունը։

Կառլեն Հովհաննիսյան. - Տրամադրվածությունը շատ մարտական է, գնալու ենք միայն հաղթանակի հետևից։ Թիմը պատրաստ է, շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված, շատ ուժեղ թիմ է, և զգում եմ, որ շատ լավ ապագա ունի այս թիմը։

«Ազատություն».- Հավաքականն այս խաղերին բավականին սուղ ռեսուրսով է մոտեցել. մի շարք ֆուտբոլիստներ բացակայում են՝ վնասվածքների պատճառով։ Դուք իրենց բացակայությունը զգո՞ւմ եք, իրենց կարիքը։

Կառլեն Հովհաննիսյան. - Իհարկե, բոլոր ֆուտբոլիստները շատ կարևոր են հավաքականի համար, բոլորի բացակայությունն էլ զգում ենք։ Բայց բոլորին էլ կարող ենք կոմպենսացնել և աշխատենք այդ ուղղությամբ։

«Ազատություն». - Պարոն Մելիքյան, Դուք բազմիցս նշել եք, որ դժվար ժամանակահատված է ազգային հավաքականի համար, շատ կորուստներ կան, քիչ ռեսուրսով փորձում եք մաքսիմումը ստանալ։ Այդուհանդերձ, ինչպե՞ս եք պատրաստվել այս հանդիպմանը և ի՞նչ եք ակնկալում թիմից։

Եղիշե Մելիքյան. - Այո, կորուստները շատ են՝ ուղիղ 10 հոգի, որոնք կարևոր ֆուտբոլիստներ էին հավաքականի համար։ Բայց այդ կորուստներն ունենալով՝ մենք կարողանում ենք մարտական թիմ ստանալ, և ինչպես Կառլենն ասաց, այո, աշխատենք կոմպենսացնենք։

Մենք չենք բողոքում և չենք հուսահատվում այդ կորուստներից։ Բայց հասկանում ենք, որ ունենք դժվարություն, բայց մենք կարողանում ենք շատ հարցեր, պրոբլեմներ հաղթահարել և շարժվել առաջ։ Այսօր կարող եմ ասել, որ հասցրել ենք մեծ աշխատանք տանել՝ ավելի շատ անհատական, հոգեբանական։ Ինչքան էլ թիմը պատրաստ լինի, ցավալի պարտությունից հետո վերականգնվելը դժվար հարց է։ Բայց աշխատում ենք, մեր մոտ կստացվի մինչև վաղը բերել թիմին մարտական վիճակի ու պատրաստվել վաղվա խաղին։

«Ազատություն». - Հոգեբանական առումով ի՞նչ կասեք։

Եղիշե Մելիքյան. - Պարտությունից ես տեսել եմ մեր երկրպագուների, մեր ժողովրդի տխրությունը, իմացեք, որ տասն անգամ ավել մենք ենք զգացել այդ ամեն ինչը։ Բայց ուղղակի մենք գիտենք, որ մենք պրոֆեսիոնալ ենք և պետք է աշխատանք տանենք այդ հարվածից հետո հոգեբանական, պետք է կանգնել ոտքերի վրա և կռիվ տալ հաջորդ խաղում։ Մենք ամեն ինչ կանենք, որ մոռանանք դա և մտածենք առաջիկա 3 միավորի մասին։

«Ազատություն». - Պարոն Մելիքյան, ի՞նչ կարող եք ասել մրցակցի մասին, ո՞րն է նրանց ամենավտանգավոր կողմը:

Եղիշե Մելիքյան. - Լավ վերլուծել ենք, ունեն անհատական լավ խաղացողներ, ունեն ձեռագիր, երևում է, որ մարզիչը աշխատանք է տանում։ Վերլուծել ենք, հեշտ թիմ չէ։ Գիտենք իրենց ուժեղ և թույլ կողմերը։ Մնում է այդ ամեն ինչը կարողանանք դաշտ տանել։

«Ազատություն». - Պարոն Մելիքյան, հայտացուցակում չեն ընդգրկվել Չանչարևիչը և Շաղոյանը։ Պատճառը Չեռնոգորիայի դեմ խաղում նրանցից Ձեր դժգոհությո՞ւնն է, մասնավորապես Շաղոյանից։

Եղիշե Մելիքյան. - Այսօր ամենասուր հարցն է քննարկվում։ Մենք ոչ մեկից չենք հրաժարվել, ուղղակի այդ մարդը վնասվածք է ստացել, դրա համար մեր հետ չի եկել։ Պետք չի քաղաքականացնել, պետք չի տանել ուրիշ դաշտ։ Ու, այո, դժգոհ եմ իրենց խաղից, բայց էլի ֆուտբոլիստներ կան, որոնք լավ հանդես չեն եկել, բայց չի կարելի։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեմ, ամեն վատ վատ խաղից ես հրաժարվեմ, դա չի կարելի։ Մենք չունենք այդքան ռեսուրս։ Մենք Իսպանիայի հավաքականը չենք։ Պետք է պատճառները գտնել, վերլուծել, աշխատել ֆուտբոլիստի հետ ու շարժվել առաջ։

Ես հասկանում եմ, որ եղել են դժգոհություններ Չանչարևիչի հետ հետ կապված։ Դա նորմալ է, եթե տեսնում են 3 գոլ բաց թողած դարպասապահ կարող են քննադատել։ Բայց այդ ճնշումը, այդ բողոքը իմ վրա չի կարող ազդել։ Ես եմ որոշում՝ ով պետք է լինի հավաքականում, ով չպետք է։ Ես եմ գլխավոր մարզիչը։ Դժգոհությունները նորմալ են, առավել ևս քաղաքական գործիչների կողմից։

Շաղոյանի մասով կարող եմ ասել, որ ռոտացիա է ընդամենը, վատ խաղի համար ոչ մեկից չենք հրաժարվել։

Չեռնոգորիայից կրած պարտությունից հետո Հայաստանի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրել էր, թե «ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց...»:

Նրան բազմաթիվ օգտատերեր էին արձագանքել՝ հիմնականում հեգնական մեկնաբանություններով ու իրենք էլ իրենց հերթին հռետորական հարցեր տալով իշխանության ներկայացուցչին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG