ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ նախօրեին իրեն ուղղված նամակին:
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը: «Ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին», - Անահիտ Մանասյանին Բաքվի բանտից հարցրել է Ռուբեն Վարդանյանը:
Անահիտ Մանասյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
«Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես ՀՀ-ում»,- ասված է Մանասյանի հայտարարությունում։
Ընտանիքի հետ հեռախոսազրույցում փոխանցված դիմումում Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, բարձրացրել իր և մյուս հայ բանտարկյալներին վերաբերող կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական հարցեր:
Ի պատասխան՝ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ պաշտոնակից Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այցի կազմակերպմանը։ Սակայն այդ նախաձեռնությունը դեռ չի իրականացվել։ Թե ինչու, Վարդանյանը չի մանրամասնել:
Անահիտ Մանասյանն անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի այս հայտարարությանը նշել է. «Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով»,- նշվում է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունում:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ «Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»։