Այս գիշեր Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման: Նահանգապետ Գլեբ Նիկիտինի փոխանցմամբ՝ գիշերը և առավոտյան տարածաշրջանում ոչնչացվել է ավելի քան 100 անօդաչու:
Նշանակալի վնասվածքներ է ստացել արդյունաբերական ձեռնարկություն Կստովսկի շրջանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, փոխանցել է նահանգապետը՝ առանց հստակեցնելու, թե որ ձեռնարկությունն է հարձակման ենթարկվել: ASTRA-ի և ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարձակման թիրախը «Լուկօյլ-Նիժոգերոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանն է եղել: Հրապարակված կադրերում երևում է հրդեհը: Այդ պնդումների անկախ հաստատում դեռևս չկա:
Նիժնի Նովգորոդի Յուրի Շալաբաևը հաղորդել է, որ նույն շրջանում վնասվել է նաև կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտ, առանձին միկրոշրջաններում հնարավոր են էլեկտրականության, տաք ջրի մատակարարումների և ջեռուցման խափանումներ:
Ռուսաստանի քննչական կոմիտեն հարձակման փաստով քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով:
Հարձակումը տեղի է ունեցել ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու պահանջով Կիևի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումների մասին հաղորդումների ֆոնին: Հոկտեմբերի 29-ին The Wall Street Journal-ը գրել էր, որ Ուկրաինան դադարեցրել է նման հարձակումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներից հետո: Ընդ որում՝ հոկտեմբերի լույս 30-ի գիշերը անօդաչուները հարձակվել են Սամարայի մարզի Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե իր երկրի զինված ուժերը պատրաստ են չհարվածել ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին, եթե ռուսական բանակը դադարեցնի հարձակումները ուկրաինական ենթակառուցվածքների վրա: