Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերվա ընթացքում խոցվել և վնասազերծվել է 216 անօդաչու թռչող սարք:
Սարատովի մարզում անօդաչուի գրոհից հետո «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ են վնասվել», - հաղորդել է նահանգապետ Ռոման Բուսարգինը՝ չհստակեցնելով, թե ինչ օբյեկտներ:
Ուկրաինական տելեգրամյան ալիքները, մինչդեռ, հայտնում են Սարատովի նավթավերամշակման գործարանի տարածքում ուժեղ հրդեհի մասին:
Գործարանը «Ռոսնեֆտ» ընկերության կառույցի մաս է կազմում, դրա նախագծային հզորությունը տարեկան շուրջ 7 միլիոն տոննա նավթ է: 2023 թվականին վերամշակման ծավալը կազմել է 4.8 միլիոն տոննա, փոխանցել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբից:
Ռուսաստանյան մեկ այլ՝ Ռոստովի մարզի իշխանությունները հաղորդել են Մատվեևո-Կուրգանսկի շրջանում վառելիքի պահեստարանի վրա գրոհի մասին: Անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհվել է մասնավոր ձեռնարկության վառելիքի պահեստարանը, գրել է նահանգապետ Յուրի Սլյուսարը: Մատվեև Կուրգան ավանում վնասվել են դեղատուն, երկու խանութ և ավտոմեքենա, փոխանցել է նահանգապետը:
Կիրովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը հաղորդել է Ուրժումսկի շրջանի մի ձեռնարկությունում անօդաչու թռչող սարքի գրոհին հաջորդած հրդեհի մասին: