Մատչելիության հղումներ

21 զոհ, 865 վիրավոր. Պենտագոնը վերանայել է Իրանի դեմ պատերազմում իր կորուստների մասին տվյալները

ԱՄՆ նախագահը պատվի է առնում, մինչ զինվորները տանում են Իրանի հարվածներից սպանված ամերիկացի զինվորների դագաղները, Դովերի բազա, 7-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատվի է առնում, մինչ զինվորականները տանում են իրանական հարվածներից սպանված ամերիկացի զինվորների դագաղները, Դովերի ռազմաբազա, 7-ը մարտի, 2026թ.

Պենտագոնը վերանայել է Իրանի դեմ պատերազմի ժամանակ ԱՄՆ զինվորականների կորուստների վերաբերյալ իր տվյալները։ Թարմացված վիճակագրության համաձայն՝ զոհվել է 21 մարդ՝ նախկինում հաղորդված 18-ի փոխարեն, ևս 865-ը վիրավորվել են։

Ինչպես տեղեկացնում է Ազատության» ռուսական ծառայությունը, վիրավորների թիվն օգոստոսից ի վեր աճել է 98-ով։

Նոր տվյալները հայտնվել են կորուստների տվյալների վերլուծության համակարգում (Defense Casualty Analysis System): Գործակալությունը չի բացատրել, թե ինչու է վերանայել վիճակագրությունը: ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական ակտիվ գործողությունները փաստացի դադարեցվել են մի քանի շաբաթ առաջ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Սմիթը և Քրիսի Հուլահանը անցած շաբաթ էին Պենտագոնից բացատրություն պահանջել, երբ Զինված ուժերի հարցերով հանձնաժողովն անհամապատասխանություններ էին հայտնաբերել զոհերի մասին հաղորդումներում։

«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա», - հայտարարել էին օրենսդիրները: Նրանք նաև քննադատել էին պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին՝ տվյալների ժամանակին ուղղումը չապահովելու համար:

Սեպտեմբերին The Washington Post-ը հաղորդել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ զինվորականների իրական կորուստները գերազանցում են պաշտոնական թվերը։ Հեգսեթը հերքել էր դա և մեղադրել թերթին չճշտված տեղեկատություններ տարածելու մեջ։

Սա առաջին անգամ չէ, որ Պատերազմի նախարարությունը վերանայում է վիճակագրությունը։ Հուլիսի 20-ին Պենտագոնը, առանց բացատրության, հայտնեց, որը տուժածների թիվը 100-ով ավելի է, իսկ երեք օր անց զոհերի թիվը 18-ից նվազեցրեց մինչև 14՝ վկայակոչելով տվյալների փոխանցման ժամանակավոր խափանումները։

Հուլիսի վերջին նախարարությունը հայտարարեց, որ Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողությունն ավարտվել է հունիսյան հրադադարից հետո, և որ հետագա կորուստները կհաշվարկվեն արտերկրյա գործողությունների կատեգորիայում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG