Ուրբաթ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ թիրախների՝ որպես հատուցում ամերիկացի զինծառայողների վրա հարձակման դիմաց, հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները:
Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան վերջին ամիսներին Սիրիայում օդային հարվածներ և ցամաքային գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» զինյալների դեմ, հաճախ՝ սիրիական անվտանգության ուժերի ներգրավմամբ:
Նախորդ շաբաթավերջին Սիրիայում ենթադրաբար «Իսլամական պետության» հարձակման հետևանքով ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո նախագահ Դոնալդ Թրամփը հատուցում էր խոստացել:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հարվածները թիրախավորել են «ԻՊ զինյալներին, ենթակառուցվածքները և զենքերի վայրերը», և որ գործողությունը կոչվում էր «Բազեի աչք գործողություն»:
«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակում է: Այսօր մենք որսացինք և սպանեցինք մեր թշնամիներին: Բազմաթիվ [թշնամիների]: Եվ մենք շարունակելու ենք», - ասել է Հեգսեթը:
Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ Սիրիայի կառավարությունն ամբողջությամբ աջակցում է հարվածներին: Հյուսիսային Կարոլինայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը գործողությունը որակել է «զանգվածային» հարված ԻՊ անդամներին և վստահեցրել, որ այն շատ հաջող էր:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել յոթ տասնյակից ավելի թիրախների Սիրիայի կենտրոնում: Գործողությունում ներգրավվել են ամերիկյան F-15 և A-10 ռազմական օդանավեր, Apache ուղղաթիռներ և HIMARS հրթիռային համակարգեր, հորդանանյան ռազմական օդանավերն օժանդակել են գործողությանը:
Սիրիան արտգործնախարարության հայտարարությամբ վերահաստատել է իր անսասան նվիրվածությունը «Իսլամական պետության» դեմ պայքարին և վստահեցրել, որ այդ ահաբեկչական խմբավորումն «անվտանգ ապաստան չունի սիրիական տարածքում»:
Դեկտեմբերի 13-ին Սիրիայի կենտրոնական Պալմիրա քաղաքում ամերիկյան և սիրիական զորքերի շարասյան վրա հարձակման հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինծառայողներ և քաղաքացիական անձ թարգմանիչ, ևս երեք ամերիկացի զինվորներ վիրավորվել են: Հարձակվողը սպանվել է: