Միացյալ Նահանգներն այսօր կոչ է արել իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերն այն բանից հետո, երբ կղզում գտնվող բրիտանական ռազմական բազան դարձել է անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև թույլատրել է ոչ կենսական նշանակության ամերիկացի պետական ծառայողների և նրանց ընտանիքներին հեռանալ երկրից։
Այս պահին ԱՄՆ-ի չորս աստիճան ճանապարհորդական զգուշացումների համակարգում Կիպրոսը դասվել է երրորդ մակարդակում, որը մեկ աստիճանով ցածր է ամենաբարձր՝ «չմեկնել» զգուշացումից։ Մի շարք ավիաընկերություններ արդեն դադարեցրել են թռիչքները դեպի Եվրամիության այս երկիր։
Զգուշացման մակարդակի բարձրացումը հաջորդել է կիրակի ուշ երեկոյան Լիմասոլ նավահանգստային քաղաքի մոտ գտնվող RAF Akrotiri ռազմաբազայի վրա իրականացված անօդաչու սարքի հարձակմանը։ Ըստ տեղական իշխանությունների՝ հաջորդ օրը կեսօրին ևս երկու անօդաչու սարք է վնասազերծվել։ Կիպրոսյան լրատվամիջոցները, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հայտնել են, որ անօդաչու սարքերն ամենայն հավանականությամբ արձակվել են Լիբանանից։
Լարվածության աճի ֆոնին ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների կողմից տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացվում է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը Կիպրոս կուղարկի հակադրոնային գործողությունների համար հագեցած ուղղաթիռներ, ինչպես նաև ռազմական նավ։
Կիպրոսի լրատվական գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան ևս նախատեսում է հակաօդային պաշտպանության և հակադրոնային համակարգեր ուղարկել, ինչպես նաև պահակային ծառայության ռազմանավ։ Հունաստանն արդեն Կիպրոսում տեղակայել է չորս F-16 կործանիչ և պատրաստվում է ուղարկել երկու պահակային ծառայության ռազմանավ։