Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել ԻՊ անդամը, ով առնչություն ուներ Մոսկվայի «Կրոկուս»-ի ահաբեկչությանը

Ռուսաստան - Ահաբեկչությունը «Կրոկուս Սիթի Հոլ»-ում, Մոսկվա, 22-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան - Ահաբեկչությունը «Կրոկուս Սիթի Հոլ»-ում, Մոսկվա, 22-ը մարտի, 2024թ.

Միացյալ Նահանգների դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Աֆղանստանի քաղաքացի Մոհամմադ Շարիֆուլլային: Նա մեղավոր է ճանաչվել բազմաթիվ ահաբեկչական ակտերի, այդ թվում՝ 2024 թվականին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչությանը հանցակցության համար:

ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության համաձայն՝ Շարիֆուլլան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է, շուրջ տասը տարի մասնակցել է տարբեր երկրներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը: Դրանց թվում են, մասնավորապես, 2021 թվականին Քաբուլի օդանավակայանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը, որի հետևանքով առնվազն 182 մարդ է զոհվել, 2016-ին Քաբուլում Կանադայի դեսպանատան դարպասների դիմաց մահապարտի իրականացրած պայթյունը:

Մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության նախապատրաստման ընթացքում, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, Շարիֆուլլան անմիջական կատարողներին սովորեցրել է տիրապետել Կալաշնիկովի ինքնաձիգին և այլ զենքերի, ինչպես նաև կապ է պահպանել նրանց հետո հարձակման ժամանակ:

Մոհամմադ Շարիֆուլլան ձերբակալվել է անցած տարվա մարտին Պակիստանում՝ Միացյալ Նահանգների պահանջով: Քննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը, հայտարարել, որ լուսանկարներում ճանաչել է Մոսկվայի ահաբեկչության ձերբակալված չորս կատարողներից երկուսին, և որ հենց նրանց հրահանգիչն է եղել:

2024-ի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կատարված ահաբեկչությունը խոշորագույններից է Ռուսաստանի պատմության մեջ: Ահաբեկիչների խումբը ներթափանցել էր շենք և կրակ բացել մարդկանց վրա, ապա հրդեհել համալիրը: Զոհվել է 161 մարդ, ևս 600-ը վիրավորումներ և այրվածքներ էին ստացել: Պայթյունների և հրդեհի հետևանքով համալիրն ամբողջությամբ ավերվել է:

Ահաբեկչությունը կատարելու համար չորս Տաջիկստանի քաղաքացիներ դատապարտվեցին ցմահ, գործով անցնող ևս 15 անձինք՝ 19-22 տարվա ազատազրկման:

Իրավապաշտպանները հայտարարում էին քննության ընթացքում խոշտանգումների մասին:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG