Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Իսրայելում 43 լիցքավորող ինքնաթիռ է տեղակայել Իրանի վրա հնարավոր հարձակման լուրերի ֆոնին

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռները կայանված են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում, 25-ը փետրվարի, 2026 թ.
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռները կայանված են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում, 25-ը փետրվարի, 2026 թ.

ԱՄՆ ռազմաօդային ուժերն Իսրայելի ավիաբազաներում առնվազն 43 լիցքավորող ինքնաթիռ է տեղակայել, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ հարվածների ժամանակ ռազմավարական և մարտավարական ավիացիոն գործողություններին աջակցելու համար, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»՝ հղում անելով բրիտանական ավիացիոն ռեսուրս Military Air Tracking Alliance (MATA)-ի տվյալներին։

Արբանյակային պատկերների համաձայն՝ իսրայելական Նեգևի անապատում գտնվող Ռամոնի ավիաբազայում ներկայումս տեղակայված է 25 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ, իսկ Իսրայելի հարավում գտնվող Օվդա ավիաբազայում՝ չորսը։ Եվս 18 այդպիսի ինքնաթիռ գտնվում է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։

Այս տեղեկությունները հրապարակվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածել Իրանին: Նման վերջին հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարն արել է երեկ՝ Այովա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ:

«Եվ միակ պատճառը, որ ես դեռ չեմ ավարտել Իրանի հետ կապված իմ հաշիվները, այն է, որ ես ուզում եմ բարի լինել ... Ես ուզում եմ փորձել փրկել այդ բոլոր կյանքերը, եթե կարողանամ... Բայց ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք ուժ կիրառել», - ասել է նա:

Ավելի վաղ Times of Israel-ը հաղորդել էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Իսրայելի ավիաբազաներում։ Այս ինքնաթիռների մեծ մասը թռել է ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի Բիգսի անվան ռազմական օդանավակայանից:

Այնտեղ տեղակայված է բանակի 69-րդ հակաօդային պաշտպանության հրետանային բրիգադը, որը հագեցած է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերով: Ինքնաթիռները վայրէջք են կատարել Իսրայելի Նևատիմի և Օվդայի ավիաբազաներում:

Վերջին օրերին ԱՄՆ ռազմական ինքնաթիռներով մի շարք այլ բեռնատար չվերթներ են իրականացվել նաև Մերձավոր Արևելքի երկրներում, այդ թվում՝ Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներ։

Ինչպես նշում է պարբերականը, բեռի պարունակությունն անհայտ է, սակայն ենթադրվում է, որ սա կապված է տարածաշրջանում հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու ԱՄՆ միջոցառումների հետ՝ Իրանի հետ հնարավոր նոր բախման ֆոնին։

Անցյալ չորեքշաբթի The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը Տեխասից Իսրայել են ուղարկում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր՝ տարածաշրջանում իրենց հակաօդային պաշտպանությունը ամրապնդելու համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG