Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման շուրջ բանակցությունների արդյունքում՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և կարծում եմ, որ գործարք կարող է կնքվել այսօր կամ վաղը», - CNBC-ին տված հարցազրույցում ասել է Բեսենթը՝ առանց մանրամասներ հաղորդելու:
Ամերիկյան Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ համաձայնագրի մասին կարող է հայտարարվել արդեն օգոստոսի 5-ին։ Ըստ պարբերականի՝ հենց դրան է ԱՄՆ-ն ձգտում։
Թեմային ծանոթ ամերիկացի պաշտոնյան, ում անունը չի նշվում, Axios-ին ասել է, որ Իրանի ղեկավարությունն արդեն հաստատել է համաձայնագրի նախագիծը: Խոսքը 60-օրյա համաձայնության մասին է Իրանի և Օմանի միջև: Դրանով կողմերը համաձայնում են, որ Հորմուզի նեղուց և Պարսից ծոց մտնող նավերը կանցնեն հյուսիսային երթուղով, այսինքն՝ Իրանի տարածքային ջրերով, իսկ նեղուցից դուրս եկողները՝ հարավային երթուղով, այսինքն՝ Օմանի ջրերով: Համաձայնության գործողության ընթացքում նեղուցով անցնող նավերից վճարներ չեն գանձնվի, ինչը պնդում է Իրանը և որին դեմ է ԱՄՆ-ն։
Պաշտոնական Թեհրանը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» են տեղի ունեցել։
Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ սպառնացել էր Իրանին «շատ կոշտ» հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։ «Շատ լավ քննարկումներ ենք ունենում։ Նրանք չեն ուզում դա ընդունել, բայց այո, դա մի փոքր անհանգստացնող է, - Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միակ բանը, որ կարևոր է, գործնական քայլերն են, և նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ Եթե նրանք համաձայնության չգնան, դա նրանց համար շատ վատ կլինի»,- զգուշացրել էր նա։