Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն այսօրվանից կշրջափակի Հորմուզի նեղուցը, Իրանից էլ սպառնում են

ԱՄՆ զինուժը Հորմուզի նեղուցից օգտվող բեռնափոխադրող ընկերություններին տեղեկացրել է, որ այսօրվանից շրջափակում է հաստատում նեղուցից արևելք հատվածում՝ Օմանի ծոցում և Արաբական ծովում: ԱՄՆ-ն այս քայլին է գնում այն բանից հետո, երբ Իրանի հետ Պակիստանում շաբաթ համաձայնության չեկան պատերազմն ավարտելու շուրջ:

Կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ շրջափակումը կվերաբերի դեպի իրանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ երթևեկող բոլոր նավերին։ Մյուս նավահանգիստներից օգտվող նավերի շարժը ԱՄՆ-ն չի խոչընդոտի: ԱՄՆ զինուժը նաև նշում է, որ ցանկացած նավ, որն առանց թույլտվության կմտնի շրջափակված տարածք կամ դուրս կգա դրանից, հարձակման կենթարկվի և կկալանվի: Reuters-ի տեղեկություններով՝ շրջափակումը կընդգրկի Իրանի ամբողջ ափամերձ տարածքը:

Շրջափակումը պետք է սկսվեր Երևանի ժամանակով 18.00-ին: Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք այն սկսվել է:

Մինչ այդ Դոնալդ Թրամփն էր հայտարարել նեղուցի շրջափակման մասին՝ պնդելով, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի նավատորմը՝ 158 նավ: Ըստ նրա՝ մնացել են միայն փոքրիկ մոտորանավակները, որոնք մեծ սպառնալիք չեն համարել: ԱՄՆ նախագահը նաև զգուշացրել է՝ եթե այդ նավակներից որևէ մեկը մոտենա ամերիկյան ռազմանավերին, տեղում կվերացվի: Թրամփը նաև պնդել է, որ այլ երկրներ ևս կօգնեն ԱՄՆ-ին՝ թույլ չտալու, որ Իրանը նավթ վաճառի։ Թե որ երկրների մասին է խոսքը, չէր նշել:

«Հորմուզի նեղուցի հետ կապված շատ լավ բաներ են տեղի ունենում։ Եվ մեր երկրի համար շատ լավ բաներ են տեղի ունենում … Այլ երկրներ ևս աշխատում են, որպեսզի Իրանը չկարողանա նավթ վաճառել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սակայն ՆԱՏՕ-ի անդամներ Մեծ Բրիտանիան, Իսպանիան արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի նեղուցի շրջափակմանը, Ֆրանսիան պետք է առաջիկայում գործընկերների հետ քննարկի հարցը, Ճապոնիան դեռ որոշում չունի, Չինաստանը զսպվածության կոչ է արել, ասիական 11 երկիր էլ կոչ է արել պահպանել հրադադարը:

Իրանը սպառնում է

Իրանը սպառնացել է խստորեն պատժել ամերիկյան ռազմավերին, եթե դրանք մոտենան Հորմուզի նեղուցին, ինչը կդիտարկվի նաև հրադադարի խախտում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պարսից ծոցում նավահանգիստների շրջափակումն «անօրինական» կլինի՝ հավասարազոր ծովահենության:

Կորպուսը զգուշացրել է՝ Պարսից ծոցում և Օմանի ծովում գտնվող իրանական նավահանգիստների անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի, ապա տարածաշրջանում ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի։ Նաև Իրանի համար ոչ բարեկամական երկրների նավերն իրավունք չեն ունենա անցնել նեղուցով, իսկ մյուս երկրների նավերը՝ միայն Իրանի հետ համակարգմամբ:

Իրանի խորհրդարանի խոսնակն էլ, որը Պակիստանի բանակցություններում գլխավորել էր իրանական պատվիրակությունը, հայտարարել է, որ Իրանը չի «հանձնվի սպառնալիքների ներքո»։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում նաև ծաղրել է նեղուցը շրջափակելու Թրամփի ծրագիրը:

«Վայելեք վառելիքի ներկայիս գները։ Այսպես կոչված «շրջափակման» պայմաններում շուտով կարոտով կսպասեք 4-5 դոլար արժողությամբ բենզինին»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Իսլամաբադում շատ մոտ էին համաձայնության գալուն, սակայն բանակցությունները ձախողվեցին ԱՄՆ «առավելապաշտական» մոտեցման, ինչպես նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն բանակցություների ընթացքում փոխում էր պահանջները: Աբբաս Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ն ոչ մի դաս չի քաղել անցյալից:

ԱՄՆ նախագահը մինչդեռ պնդել է, թե բանակցությունները ձախողվել են գլխավորապես Իրանի պատճառով, որը չի հրաժարվում միջուկային զենք ունենալու գաղափարից: Ապա Թրամփը զգուշացրել է՝ ԱՄՆ-ն Իրանին երբեք թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել:

«Անհնար է, որ նրանք միջուկային զենք ձեռք բերեն, նրանք դեռ ուզում են։ Եվ նրանք դա հստակ հասկացրին շաբաթ գիշերը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ամերիկյան Wall Street Journal-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ բանակցությունների ձախողումից հետո Թրամփը քննարկում է Իրանի վրա հարձակումները վերսկսելու հնարավորությունը: Սպիտակ տնից թերթին ասել են, որ բոլոր տարբերակները դիտարկվում են:

Իսրայելը շարունակում է հարվածները

Ու մինչ Վաշինգտոնը սպառնում է շրջափակել Հորմուզի նեղուցը, Իրանն էլ՝ կոշտ արձագանքել, Իսրայելը պատերազմի 45-րդ օրը շարունակում է հարվածներն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում: Կան զոհեր և վիրավորներ: «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Լիբանանին հարվածները կշարունակվեն:

«Մենք տեսնում ենք, որ անվտանգության գոտու շնորհիվ կանխել ենք Լիբանանից ներխուժման սպառնալիքը: Մենք հետ ենք մղում հակատանկային կրակի վտանգը … բայց դեռ շատ անելիքներ կան»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն նաև ասել է, որ Իսրայելին հաջողվել է էապես փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Իրանն ու նրա պրոքսիները, որոնք, ըստ Նեթանյահուի, ցանկանում էին ոչնչացնել Իսրայելը, հիմա պայքարում են սեփական գոյատևման համար։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG