Սկզբնական շրջանում աջակցություն հայտնելուց հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ գոնե այս պահին չի ցանկանում, որ Իրանի քրդերը մասնակցեն Թեհրանի դեմ ռազմական գործողությանը: Այնուամենայնիվ, աքսորյալ քրդերի մի խումբ, ըստ լուսանկարչի, որն այցելել է Իրանի քրդերի հենակետերից մեկը, «պատրաստվում է պատերազմի»։
Ֆոտոլրագրող Սեդաթ Սունան մարտի 12-ին մուտք է գործել Իրաքի հյուսիս-արևելքում տեղակայված իրանցի քրդերի զինված քաղաքական կազմավորման՝ «Կոմալա-բարեփոխումների խմբակցության» լեռնային բազա, որը վերջերս իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախ է դարձել։
Զինված խումբը իրանական քրդական քաղաքական մի քանի կուսակցությունների դաշինքի մաս է, որը ձևավորվել է ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից կարճ ժամանակ առաջ՝ փետրվարի 28-ին։
Այն ձգտում է Իրանի ներսում ստեղծել ինքնակառավարվող տարածաշրջան, որը նման կլինի ներկայիս Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանի տարածաշրջանին։
«Նրանք [պատերազմը] դիտարկում են որպես հնարավորություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է լուսանկարիչը՝ հավելելով, որ զինյալները պնդում են, որ չեն սպասում Միացյալ Նահանգների կանաչ լույսին՝ Իրանում հակամարտությանը ներգրավվելու համար։ «Նրանք ասում են, որ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել»։
«Կոմալա» կուսակցության խոսնակը հայտարարել է, որ զինյալները Իրանի քրդական շրջանում «կսկսեն ազատագրումը», եթե Միացյալ Նահանգներն աջակցություն խոստանա:
Քրդերը մոտ 30-40 միլիոն բնակչություն ունեցող էթնիկ խումբ են, որոնք հիմնականում բնակվում են լեռնային տարածքներում՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի որոշ մասերում: Հիմնականում սուննի մուսուլմաններից կազմված խումբը աշխարհի ամենամեծ էթնիկ խմբերից մեկն է, որը չունի սեփական պետություն:
Իրանի քրդերը հիմնականում բնակվում են երկրի արևմտյան սահմանի երկայնքով և կազմում են Իրանի մոտ 92 միլիոն բնակչության մոտ 10 տոկոսը։
Քրդերի և Թեհրանի հարաբերությունները լարվել են1979 թվականի Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, երբ երկրի նոր իշխանությունները սկսեցին քրդերի զանգվածային սպանությունները, նրանց համարելով Իրանի տարածքային ամբողջականության համար սպառնալիք։
Այսօր վերլուծաբանները նշում են, որ Իրանում ընթացող պատերազմում քրդերի հնարավոր ներգրավվածությունը հսկայական բարդություններ է առաջացնում։
Սասեքսի համալսարանի Իրանի հարցերով փորձագետ Քամրան Մատինն ասում է, որ իրանցի քրդական աքսորյալ խմբավորումները լայն աջակցություն են վայելում Իրանի քրդական շրջանում, սակայն նա կարծում է, որ միայն որոշակի պայմանների առկայության դեպքում իրանցի քրդերի համար դուռ կբացվի, - թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում,- Իսլամական Հանրապետության դեմ բացահայտորեն պատերազմի մեջ մտնելու համար։
Մաթինը նշում է, որ նախևառաջ իրանական ռեժիմի ուժերը պետք է «զգալիորեն թուլացվեն [իրանական] Քուրդիստանում»։ Բացի այդ, քրդական խմբավորումները կպահանջեն «ԱՄՆ-ի կողմից երկարաժամկետ ռազմական և քաղաքական աջակցության հստակ պարտավորություն՝ Իրանական Քուրդիստանի վրայով թռիչքների արգելված գոտի ստեղծելու ձևով»։
Փորձագետը նշում է նաև, որ նրանց նաև անհրաժեշտ կլինի, որ ԱՄՆ-ն խոստանա աջակցել Իրանի կազմում քրդերի իրավունքներին։
ԱՄՆ-ի հանձնառության այդ մակարդակն առայժմ անհավանական է թվում։
Հարևան Իրաքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից քրդական խմբավորումների զինման մասին հաղորդագրությունների ֆոնին, մարտի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «կողմ կլինի», եթե Իրանի քրդերն ապստամբություն սկսեն: Ավելի ուշ նա հրաժարվեց այդ մտքից՝ լրագրողներին ասելով, որ բացառել է քրդերի միջամտությունը՝ ընդգծելով. «Մենք չենք ուզում պատերազմն ավելի դժվարին դարձնել, քան այն արդեն իսկ է»:
Լուսանկարիչ Սունան ասում է, որ իր այցելած զինյալների շրջանում Միացյալ Նահանգների նկատմամբ մեծ մասամբ բարյացակամ վերաբերմունք կա։ Նրանցից ոմանք համազգեստի վրա կրում են ԱՄՆ դրոշներ։
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները բացառել են իրաքցի քրդերի կողմից Իրանի դեմ պատերազմին մասնակցելու գաղափարը։
Իրաքի Քուրդիստանի շրջանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին վերջերս լրագրողներին ասել է. «Մենք վարձկաններ չենք»։
Իրաքում գտնվող իրանցի քրդական զինյալ խմբավորումներին ուղղված ուղերձում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը նաև հայտարարել է, որ «Իրաքի տարածքը չպետք է օգտագործվի որպես հարևան երկրների դեմ հարձակումների հարթակ»։
Իր հերթին Թեհրանը սպառնացել է, որ եթե քուրդ զինյալները Իրաքի տարածքից որևէ ներխուժում իրականացնեն, «Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի բոլոր օբյեկտները... լայնորեն կթիրախավորվեն»։