Երեք տարի պաշտոնավարումից հետո՝ հունվարի կեսին, դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում, հաստատել են ԱՄՆ դեսպանությունից:
Հայտնի չէ, թե ով է փոխարինելու այդ պաշտոնում Քվինին:
Նշվում է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
AP-ն- երեկ հայտնել էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանից: Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։
Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023թ. փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։
Մինչ Հայաստան ժամանելը՝ 2020-2022 թվականներին, դեսպան Քվինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։