Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ վիզայի համար դիմումի ձևաթուղթը, արխիվ
ԱՄՆ վիզայի համար դիմումի ձևաթուղթը, արխիվ

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Մանհեթենի շրջանային դատարանի դատավոր Ջինեթ Վարգասն «ակնհայտ ապօրինի» է որակել որոշումը, որով այդ երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է բացառապես նրանց ազգության հիման վրա:

Դատավորը պնդել է, որ Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս պետքարտուղարին նման ձևով միջամտել հյուպատոսությունների աշխատանքին:

Պետդեպարտամենտն այս տարվա հունվարին մտցրած սահմանափակումների հիմնավորման մեջ նշել էր, թե 75 երկրների քաղաքացիները մեծ հավանականությամբ կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար և ԱՄՆ-ում օգտվել սոցիալական աջակցությունից:

Խոսքը ներգաղթի վիզաներին էր վերաբերում և չէր տարածվում ԱՄՆ տուրիստական և ժամանակավոր այլ վիզաների տրամադրման վրա:

Հայաստանից բացի, սահմանափակումները վերաբերում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի, ինչպես նաև Սոմալիի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Ուրուգվայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքացիներին:




XS
SM
MD
LG