2025-ի փետրվարից ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն նշանակված Թալսի Գաբարդը հրաժարական է տվել, նախորեին հայտնել է Fox News-ը։ Ավելի ուշ Գաբարդը հաստատել է տեղեկությունը՝ X սոցիալական հարթակում հրապարակելով հրաժարականի մասին հայտարարություն։
«Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել ամերիկյան ժողովրդին՝ որպես Ազգային հետախուզության տնօրեն»,- գրել է Գաբարդը։
Իր հայտարարության մեջ Գաբարդը նշել է, որ իր ամուսնու մոտ ախտորոշվել է «ոսկրային քաղցկեղի չափազանց հազվագյուտ տեսակ»։ Նրա խոսքով՝ ինքը որոշել է թողնել պաշտոնը՝ ամուսնուն աջակցելու նպատակով։
Գաբարդը վարչակազմը կլքի հունիսի 30-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թալսի Գաբարդի տեղակալ Աարոն Լուկասը կդառնա ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար։ Նա հավելել է, որ Գաբարդը «անհավանական աշխատանք է կատարել»։
Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Սպիտակ տունը Գաբարդին հարկադրել է հրաժարական տալ։
Ապրիլին Թրամփը աշխատանքից ազատել էր գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ, Իրանի հետ պատերազմի շուրջ աճող ճնշումների ֆոնին՝ Թրամփը մտադիր է շարունակել նախարարների կաբինետում վերադասավորումները:
Գործակալության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Թրամփը դժգոհություն էր հայտնել ազգային հետախուզության ղեկավարի գործունեությունից։
Գաբարդը բազմիցս հանդես է եկել ընդդեմ այլ երկրների տարածքներում ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական ներգրավվածության։ Մասնավորապես, նա մեղադրել էր Ջո Բայդենի վարչակազմին այն բանում, որ ուկրաինացի ժողովրդին օգտագործում է որպես «թնդանոթի միս» և երկարաձգում հակամարտությունը։