Մարտի 4-5-ը FlyDubai ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այսօր նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից հետո մի շարք թռիչքներ չեղարկվել են: Դրանց պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել՝ Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, շատերն էլ այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու՝ Շրի Լանկա, Հնդկաստան:
Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են հազար եվրոյից:
Վերջին օրերին Մասկատից երկու օդանավ է ժամանել Երևան, առաջին թռիչքի տոմսեր գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ 2 օր առաջ օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել: Այսօրվա ամենամատչելի տոմսը 1200 եվրո է:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում հիշեցրեց՝ պետությունը միայն ապահովել է, որ մարդիկ ցամաքային ճանապարհով հասնեն Մասկատի օդանավակայան: