Մատչելիության հղումներ

Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ֆրանսիացուն ներում է շնորհվել

Լրացված
Ֆրանսիացի գործարար Մարտին Ռայան, արխիվ
Ֆրանսիացի գործարար Մարտին Ռայան, արխիվ

Ադրբեջանում Ֆրանսիայի օգտին լրտեսության մեղադրանքով ազատազրկված Մարտին Ռայանին ներում է շնորհվել: Ադրբեջանի նախագահի հրամանագրով ներման են արժանացել երկու տասնյակ անձինք, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Պակիստանի և Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:

Ֆրանսիայի քաղաքացու ազատ արձակումը, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մաս է կազմել Բաքվի և Փարիզի միջև համաձայնությանը, ըստ որի՝ Ֆրանսիան էլ կողմ է արտահայտվել ռուսաստանցի երկու գործարարների՝ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վերացմանը:

Ֆրանսիայի քաղաքացի Mercorama ընկերության գլխավոր տնօրեն Ռայանը ձերբակալվել էր 2023 թվականի վերջին, այս տարվա մարտին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից: Ինքը գործարարը չի ընդունել մեղքը: Քննության վարկածով՝ Ռայանը գործել է Ադրբեջանում որպես դիվանագետներ աշխատող՝ փաստացի ֆրանսիական գաղտնի ծառայությունների աշխատակիցների հանձնարարությամբ:

Ադրբեջանական Oxu պարբերականը գրել էր, թե գործարարին մեղադրել են, մասնավորապես, Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանում արտադրվող սպառազինության և բանակի համալրման վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մեջ: Քննությունը պնդել է նաև, թե ֆրանսիացին հետաքրքրվել է նաև այլ պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի հետ ռազմական համագործակցության Բաքվի ծրագրերով:


XS
SM
MD
LG