Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 5.8 միլիոն դոլարի ապրանք է ներկրել, արտահանել՝ 960 դոլարի ապրանք: Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեն է տվյալները հրապարակել:
Հայկական կողմն առայժմ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին ամսական պաշտոնական վիճակագրություն չի ներկայացրել:
Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստան արտահանված 5.8 միլիոն դոլարի ապրանքն Ադրբեջանի արտահանումների ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է: Ադրբեջանական կողմի համաձայն՝ 960 դոլարի ապրանքը Հայաստանից գնել են անցած ամիս:
Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի առևտրաշրջանառության սալդոն գրեթե 100 տոկոսով Ադրբեջանի օգտին է՝ - 5,7 միլիոն դոլար:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ մաքսային մարմինը Հայաստանից Ադրբեջան արտահանում չի գրանցել: Թե 960 դոլարի ինչ ապրանք է Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել, պարզ չէ:
Չի բացառվում, որ ադրբեջանական վիճակագրությունում հայտնված 960 դոլարի ներկրումն արտացոլում է անցած ամիսներին երկու երկրների քաղհասարակությունների այցերի ընթացքում ադրբեջանցի փորձագետներին տված նվերները: Հայկական կողմից այս հանդիպումներից մասնակցող Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, օրինակ, քաղցրավենիք, թեյեր են նվիրում:
Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնում են, որ 960 դոլարի արտահանման հետ իրենք կապ չունեն:
2025 թվականի նոյեմբերին առաջին անգամ ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Իսկ վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր դեկտեմբերին:
«Քաղաքացիական պայմանագրից» փետրվարին հայտնել էին, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։ Ամիսներ անց փոխադարձ առևտրի սալդոն գրեթե ամբողջությամբ Ադրբեջանի օգտին է: