Հայաստանում վաճառվող ադրբեջանական բենզինի վաճառքը նախորդ երկու օրերի ընթացքում քառապատկվել է, «Ազատությանը» փոխանցեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրենը:
«Ռան օյլ»-ը, որ «Սիլ կոնցեռնի» կազմում է, ադրբեջանական պրեմիում տեսակի մեկ լիտր բենզինը 520-ի փոխարեն վաճառում է 430 դամով:
«Կարող եմ փաստել, որ նախկինի համեմատ վաճառքի ծավալներն արդեն քառապատկվել են» ,- ասաց Կարեն Հայրիյանը՝ նշելով, որ ինչպես և սպասում էր, ապրանքի ծագումը որոշիչ ազդեցություն չի կարող թողնել: Ըստ նրա, թեև Թուրքիայի հետ սահմանները փակ են, սակայն ապրանքաշրջանառություն և առևտուր եղել է:
Ադրբեջանական բենզինի ցածր սակագնի վրա էապես ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի մեկանգամյա անվճար տարանցումը:
Թե ինչ գին կսահմանի վրացական երկաթուղին հաջորդ բեռնափոխադրման համար, այս պահին անհայտ է:
«Մեգա Թրեյդի» տնօրենն ասաց, որ դեռևս վրացական կողմից պաշտոնական գնառաջարկ չեն ստացել: