Գրեթե ինը ամսվա դադարից հետո Աբու Դաբիում վերսկսվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները, հայտնել է Ուկրաինական պատվիրակության ղեկավար, երկրի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը:
Ակնկալվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի խաղաղության հաստատումից հետո Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության ապահովման հարցը:
Արաբական Միացյալ Էմիրություններում դռնփակ ձևաչափով այս քննարկումները կշարունակվեն նաև վաղը:
ԱՄՆ-ից բանակցություններին մասնակցում են նախագահ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքովն ու Ջարեդ Քուշները:
Ուկրաինական պատվիրակության կազմում են նաև իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցյան։
Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա Աբու Դաբի է մեկնել մեծ թիմի հետ, որի կազմում են երկու փոխարտգործնախարարներ՝ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկու վարչությունների ներկայացուցիչներ՝ Իգոր Կոստյուկովը և Յուրի Ժիգարլովսկին։
Նախքան եռակողմ հանդիպումը, ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը նշել էր, որ նախ կհամաձայնեցնեն դիրքորոշումները և կհամակարգեն քայլերը բանակցությունների հաջորդ փուլից առաջ։
«Մեր հիմնական առաջնահերթություններն են՝ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել պատերազմից հետո հուսալի անվտանգության երաշխիքներ, ապահովել Ուկրաինայի տնտեսական վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև առաջ մղել մարդասիրական ջանքերը։
Մենք աշխատում ենք այս հարցերում հնարավորինս մեծ առաջընթաց գրանցելու և խաղաղությունը մոտեցնելու ուղղությամբ»,- սոցցանցում գրել էր Ումերովը։
Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել կրկին Աբու Դաբիում այս տարվա հունվարի 23-24-ը: