Ուկրաինական պատվիրակությունն Աբու Դաբիում հանդիպում է Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, հայտնել է պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը
Ուկրաինացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ հանդիպմանը կմիանան նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Ումերովը նշել է, որ նախ կհամաձայնեցնեն դիրքորոշումները և կհամակարգեն քայլերը բանակցությունների հաջորդ փուլից առաջ։ Դրան կհաջորդի եռակողմ ձևաչափով հանդիպումն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ»։
«Մեր հիմնական առաջնահերթություններն են՝ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել պատերազմից հետո հուսալի անվտանգության երաշխիքներ, ապահովել Ուկրաինայի տնտեսական վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև առաջ մղել մարդասիրական ջանքերը։ Մենք աշխատում ենք այս հարցերում հնարավորինս մեծ առաջընթաց գրանցելու և խաղաղությունը մոտեցնելու ուղղությամբ»,- սոցցանցում գրել է Ումերովը։
Ուկրաինական պատվիրակության կազմում են նաև իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցյան։
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն նաև վաղը: Ակնկալվում է, որ քննարկումների հիմնական թեմաներից մեկը Ուկրաինայից բացի, կլինի նաև ողջ Եվրոպայի անվտանգության ապահովումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո:
Ռուսաստանի իշխանությունները հաստատել են ԱՄԷ-ում անվտանգության երաշխիքների քննարկման իրենց ծրագրերը: «Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների օրակարգում Ռուսաստանի, Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցերը ներառված են որպես գերակա խնդիր», - ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ողջունում ենք այս մոտեցումը»:
Եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա Աբու Դաբի է մեկնել մեծ թիմի հետ, որի կազմում են երկու փոխարտգործնախարարներ՝ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկու վարչությունների ներկայացուցիչներ՝ Իգոր Կոստյուկովը և Յուրի Ժիգարլովսկին։