Մատչելիության հղումներ

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները տարակարծիք են ադրբեջանական նախաձեռնության կապակցությամբ


Հովհաննես Իգիթյանը (ՀՀՇ, ձախից) եւ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ):
Հովհաննես Իգիթյանը (ՀՀՇ, ձախից) եւ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ):
Սեպտեմբերի 9-ին բացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում հերթական բանաձեւը ներկայացնելու ադրբեջանական նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների է արժանանում հայաստանյան իշխանական ու ընդդիմադիր ուժերի կողմից:

«Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» վերնագրով բանաձեւի նախագիծը, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի, «Ադրբեջանի հերթական սադրանքն է, հերթական ցայտնոտի մեջ ընկած վիճակում կատարած քայլն է»:

Սահակյանը հղում կատարեց նախագահ Սերժ Սարգսյանին, ով կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել էր, որ այդ բանաձեւի ընդունվելը կամ չընդունվելը «չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում»:

«Մենք բազմիցս նշել ենք, նաեւ ադրբեջանական իշխանություններն են բազմիցս նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` որպես խնդիր, ենթակա է կարգավորման Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Եվ եթե ինչ-որ նոր բանաձեւեր իրենք փորձում են մտցնել ՄԱԿ կամ միջազգային այլ կառույցներ, դա Ադրբեջանի խնդիրն է, իրենց կատարած սխալն է, եւ ինչպես նախագահն է նշել, մենք պետք է փորձենք օգտվել այդ սխալից, որպեսզի իրենց կատարած սխալը օգտագործենք ի օգուտ մեր երկրի», - հավելեց պատգամավորը:

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, մինչդեռ, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, բանաձեւի վերաբերյալ ասաց. - «Բանաձեւի առկայությունը` անկախ այն բանից, թե այս անգամ կմտնի օրակարգ, թե մյուս անգամ, արդեն վտանգավոր է: Ադրբեջանի քաղաքական, դիվանագիտական կորպուսը օգտագործում է բոլոր լծակները բոլոր միջազգային կազմակերպություններում: Եվ այստեղ ինձ մտահոգում է Հայաստանի դիվանագիտական կորպուսի պասսիվությունը, որ մենք մաքսիմում ասում ենք, թե Մինսկի խումբն է զբաղվում, եւ ՄԱԿ-ը ի՞նչ կարող է անել: Մոռանում ենք, որ ՄԱԿ-ը այն ամբիոնն է, որտեղ որոշվում է նույնիսկ ռազմական սանկցիաների հարցը, ինչի ականատեսը մենք եղանք թե' Պարսից ծոցի հետ կապված, թե' Բալկանների հետ կապված»:

ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, եթե Ադրբեջանը շարունակի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող պրոցեսը ձախողելու եւ հարցը այլ միջազգային կառույցներ տեղափոխելու ռազմավարությունը, ի վերջո, կլինի «համապատասխան արձագանք, եւ բանակցությունները կտապալվեն»:

«Ոչ միայն բանակցությունները կտապալվեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանոյանը: - «Ադրբեջանը կարող է այս եւ նման որոշումներով ավելի խանդավառվել, մի քիչ ավելի լկտիանալ եւ կարծել, որ միջազգային համայնքը իր քաղաքականությունը կիսում է, եւ փորձել ռազմական սպառնալիքները ռազմական գործողությունների վերածել»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է նման բանաձեւերի միջոցով «ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, եւ այդ կերպ ազդել Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման փնտրտուքի վրա»:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:


«Եվ որպես ավելի վատ տարբերակ` Ադրբեջանը, բնականաբար, փորձում է լեգիտիմիզացնել այն պատերազմը, որի մասին սպառնում է, եւ որը սանձազերծել դեռեւս ունակ չէ, բայց ակտիվորեն նախապատրաստվում է դրան` սպառազինություններ ձեռք բերելով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պատգամավորը` կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի այս քայլը իրականում բացասական ազդեցություն է ունենալու:

Սաֆարյանի խոսքով, եթե բանաձեւն ընդունվի, դա ավելի է կարծրացնելու հայկական կողմի դիրքորոշումը:

Հարցին, թե կլինեն արդյոք միջազգային ճնշումներ, ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց. - «Հայաստանը այնքան թուլացել է, ցավոք սրտի, որ այս վերջին երկու տարիները եւ այդ ընթացքում ստորագրված միջազգային պայմանագրերը` սկսած հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններից, վերջացրած հայ-ռուսական պայմանագրի վերաթարմացումով, ցույց են տալիս Հայաստանի Հանրապետության դիմադրողականության իսպառ բացակայությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG