Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանն արտոնեց ՀԱԿ–ի հանրահավաքն Ազատության հրապարակում


Արխիվ –– Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի՝ չարտոնված հանրահավաքը Ազատության հրապարակում
Արխիվ –– Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի՝ չարտոնված հանրահավաքը Ազատության հրապարակում
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո առաջին անգամ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը Ազատության հրապարակում։

Այդ մասին ասված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետարանի որոշումը գնահատեց որպես ընդդիմության երկրորդ պահանջի բավարարում։

«Մենք երեք պահանջ էինք ներկայացրել, այսպես ասած՝ մինիմալ փաթեթ, որի կատարման դեպքում ապրիլի 28-ը կարող է դառնալ երկխոսության սկզբնավորման օր, կամ, եթե չի կատարվում, վերջնական ջրբաժանի օր, ինչպես Տեր–Պետրոսյանը նշել էր», – ասաց Զուրաբյանը։ – «Այդ երեք պահանջներից մեկը մի քանի օր առաջ էր կատարվել. դա պաշտոնական հավաստիացումն էր մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտման պատրաստակամության մասին, երկրորդն էլ Ազատության հրապարակում հանրահավաքների համար արտոնված կարգավիճակ ստանալու պահանջն էր»։

2008 թվականի մարտի 1-2-ի՝ 10-ը մարդկային կյանքեր խլած իրադարձություններից հետո առաջին անգամ քաղաքապետարանը արտոնում է ընդդիմության հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում։

Ազատության հրապարակը շրջապատած ոստիկանության ուժերի հետ բանակցությունների արդյունքում Հայ ազգային կոնգրեսը մարտի 17-ին եւ ապրիլի 8-ին այստեղ հանրահավաքներ անցկացրեց՝ չնայած քաղաքապետարանը դրանք չէր արտոնել։

Ընդդիմության ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ–ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, թե մինչեւ հաջորդ հանրահավաքը` ապրիլի 28-ը, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց ներկայացրած երեք նվազագույն պահանջները` «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը»:

Անցած շաբաթ դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ակնկալում է «նոր թափ» 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում, ինչը ՀԱԿ–ի կողմից գնահատվել էր որպես իրենց առաջին պահանջի բավարարում։

ՀԱԿ–ի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր նշեց, որ իրենց համար էլ անցանկալի էր՝ ամեն անգամ ոստիկանության վրա ճնշում գործադրելով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հնարավորություն ստանալը։

«Բոլոր քաղաքական ուժերը պետք է հնարավորություն ունենան հանրահավաք անցկացնելու Ազատության հրապարակում», – հավելեց Զուրաբյանը։
Նա նաեւ հրաժարվեց մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված հանրահավաքն արտոնելու՝ քաղաքապետարանի որոշումը։
«Չեմ կարծում, որ նպատակահարմար է որեւէ վերլուծություն մեր կողմից ներկայացնել։ Մենք հստակ քաղաքական գործընթաց ենք առաջարկել, եւ կարծում ենք, որ եթե այդ գործընթացին իշխանությունները համաձայնեն, դրանից բոլորը միայն կշահեն, եւ առաջին հերթին ժողովուրդը եւ հասարակությունը», – հավելեց Լեւոն Զուրաբյանը։

Հարցին, թե ի՞նչ միտումներ են տեսնում, արդյո՞ք մինչեւ ապրիլի 28-ը իշխանությունները կկատարեն նաեւ ՀԱԿ-ի 3-րդ պահանջը, Զուրաբյանը պատասխանեց. - «Մենք ապրիլի 28-ին կհավաքվենք հանրահավաքի արդեն Ազատության հրապարակում եւ ժողովրդի հետ միասին, ինչպես վերջին հանրահավաքներում, կորոշենք ինչպես գնահատել իշխանության քայլերը եւ որոնք կլինեն մեր անելիքները, մասնավորապես, ամենակարեւոր հարցը, թե ապրիլի 28-ը ինչ օր է դառնում»:

Զուրաբյանը նաեւ ասաց, որ իրենց երկու պահանջների կատարումը չի ենթադրում իրենց մարտավարության փոփոխություն. - «Մենք հստակ ասել ենք, որ ունենք երեք մինիմալ պահանջ, դա փաթեթ է»:

Երեւանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե նախկինում այս կամ այն միջոցառումն արգելվել է, ապա դա արվել է միայն օրենքի շրջանակներում:

Ըստ Բաղդասարյանի` Ազատության հրապարակում վերջին շրջանում որեւէ միջոցառում արգելելը պայմանավորված է եղել քաղաքապետարանի մշակույթի վարչության «Գարուն-ամառ» միջոցառումների շարքի անցկացմամբ, որոնք շարունակվելու են մինչեւ մայիսի 15-ը: Բաղդասարյանի փոխանցմամբ` քաղաքապետարանը արտոնել է ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, քանի որ մշակույթի վարչության` այդ օրը ծրագրված միջոցառումը չեղյալ է հայտարարվել:

«Դրանից հետո ես ստանում եմ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության քարտուղարի գրությունը, որ խնդրում է վերանայել ընդունած որոշումը, եւ քանի որ ամսի 28-ին քաղաքապետարանի միջոցառումը տեղի չէր ունենալու, որեւէ հիմք չկար մերժելու», - ասաց Բաղդասարյանը` հավելելով, թե քաղաքապետարանի միջոցառումները շարունակվելու են:

Քաղաքապետարանի ապրիլի 13-ի որոշումը, որով արգելվել էր ՀԱԿ-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, ուժը կորցրած է ճանաչվել:

please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG