Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ապրիլի 28-ը կդառնա երկխոսության, կամ ջրբաժանի օր»


Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի հանրահավաքը, որ ուրբաթ օրը մեկնարկելով Մատենադարանի մոտ, շարունակվեց Ազատության հրապարակում, եզրափակվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծավալուն ելույթով:

Մինչ այդ` Մատենադարանի մոտ ելույթներ ունեցան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հանրահայտ ռեժիսոր ու դերասան Երվանդ Մանարյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կոչից հետո ցուցարարները, շարժման ղեկավարների առաջնորդությամբ, երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Երեք հրատապ խնդիր


Անդրադառնալով դեռեւս մարտի 1-ի հանրահավաքում ընդունված 15 պահանջների «իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրներին (քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը), որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար»` Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ հայտարարվել էր, որ իրենք իրադարձությունները չեն «փութացնելու»:

«Գործելու են Սահմանադրության ու օրենքների շրջանակում եւ պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից` ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն, ընդգծեց. - «Ես կուզեի, որ ձեզանից յուրաքանչյուրին, ոչ թե հավատի ու վստահության, այլ սառը դատողության մակարդակով, կատարելապես ընկալելի դառնար ինձ համար աքսիոմատիկ այն ճշմարտությունը, որ եթե թվարկված երեք խնդիրները մոտակա օրերին չլուծվեն, ապա մարտի 1-ի հայտարարության պարունակած մնացյալ պահանջները երբեք չեն իրականանա եւ իշխանություն-հասարակություն երկխոսությունն այդպես էլ չի կայանա՝ ի չիք դարձնելով ազգային համերաշխության վերականգնման ճանապարհով Հայաստանի միջազգային վարկի բարձրացման եւ արտաքին մարտահրավերների դիմագրավման թերեւս վերջին հնարավորությունը»։

Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիզացիա՞


Հայաստան -- Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում, Երեւան, 8-ը ապրիլի, 2011թ.
Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ, իր ձեւակերպմամբ` «մշտապես կրկնվող այն անհեթեթ պնդմանը, որ Հայ ազգային կոնգրեսը մոնոպոլիզացրել է ընդդիմության դաշտը»։

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հայտարարեց, որ եթե իր ղեկավարած շարժումը, երեք տարի շարունակ «ենթարկվելով դաժանագույն քաղաքական հալածանքների», կարողացել է, այնուամենայնիվ, ընդդիմության դաշտում գրավել գերիշխող դիրք` ինչը, Տեր-Պետորոսյանի խոսքով, «իրենց վերոհիշյալ պնդմամբ խոստովանում ու հաստատում են նաեւ մեր ընդդիմախոսները», ապա դրա պատճառը պետք է փնտրել բոլորովին այլ հարթությունում։

«Այդ դիրքը Կոնգրեսը վաստակել կամ ձեռք է բերել անհրաժեշտ ինտելեկտուալ կարողությունների դրսեւորման, ամենօրյա տքնաջան աշխատանքի, համառ ու հետեւողական պայքարի, ժողովրդի հետ երկխոսելու ունակության, զոհողությունների գնալու պատրաստակամության, եւ վերջապես, կազմակերպվածության, կարգապահության ու նպատակասլացության շնորհիվ», - հայտարարեց ընդդիմության առաջնորդը:

Տեր-Պետրոսյանը հավելեց, թե եթե «մոնոպոլիզացիա» ասելով ընդդիմախոսները նկատի ունեն, որ Կոնգրեսը զբաղեցրել է Ազատության հրապարակը, ինքը հարկ է համարում հիշեցնել, որ Երեւանում բազմաթիվ հրապարակներ կան, եւ եղել են ժամանակներ, երբ Կոնգրեսը ամիսներ շարունակ հանրահավաքներ չի անցկացրել, սակայն այդ ընթացքում որեւէ ուժ չի փորձել զբաղեցնել հրապարակը եւ «վերացնել մոնոպոլիզացիա ասվածը»։

«Երրորդ ուժ»՝ քաղաքական դաշտում


Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում «երրորդ ուժի» ստեղծման անհրաժեշտության մասին «չդադարող խոսակցություններին»:

ՀԱԿ-ի առաջնորդն արձանագրեց, որ «երրորդ ուժի» ստեղծման անհրաժեշտության մասին խոսակցությունները նշանակում են, որ առայժմ գոյություն ունի երկու ուժ՝ իշխանությունը եւ Հայ ազգային կոնգրեսը։

«Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ երեք տարուց ավելի տեւող խոսակցությունների ու նույնիսկ փորձերի արդյունքում այդ Երրորդ ուժն այդպես էլ չի ձեւավորվում։ Ո՞վ է մեղավոր», - հարցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` ինքն էլ պատասխանելով հարցին. - «Դա, իմ կարծիքով, տեղի է ունենում հետեւյալ պարզ պատճառով։ Երրորդ ուժի դերի հավակնորդներն ուզում են իրենց նպատակին հասնել ոչ թե հասարակության հետ տարվող երկարատեւ ու համառ աշխատանքի եւ նրա վստահությունը շահելուն ուղղված հսկայական ջանքերի գործադրման գնով, այլ պարզապես Կոնգրեսին վարկաբեկելու ու նրան ասպարեզից հեռացնելու հեշտ թվացող ճանապարհով»։

ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, «Երրորդ ուժի հավակնորդները» նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե իշխանության, այլ Հայ ազգային կոնգրեսի այլընտրանք դառնալն է։

«Ինչպես ցույց է տվել Հայաստանի անկախության շրջանի պատմությունը, Երրորդ ուժ կոչվածը վերջին պահին միշտ էլ անցել է ոչ թե ընդդիմության կողմը, այլ լծվել իշխանությունը բռնազավթողների կառքին։ Այդպես է եղել 1998, 2003 եւ 2008 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ, եւ հավանաբար այդպես է լինելու նաեւ հաջորդ ընտրություններում», - այս առնչությամբ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Թեեւ բարոյական առումով մերժելի, բայց զուտ ժողովրդավարության տեսակետից, սա չի կարելի դատապարտելի արարք համարել։ Երրորդ ուժ կոչվածներն իրենք են կատարում իրենց ընտրանքը՝ դրա համար վճարելով սեփական վարկանիշի կորստյան կամ նույնիսկ քաղաքական դիակի վերածվելու գնով»:

ՀԱԿ-ի առաջնորդը նաեւ կարծիք հայտնեց, որ «երրորդ ուժի» կողմնակիցների ակտիվացումը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջիններս «չափազանց անհանգստացած են» իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները։

«Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա», - եզրակացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի առաջնորդը նաեւ հայտարարեց, որ Կոնգրեսը, հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին, կողջունի «ոչ միայն Երրորդ, այլեւ Չորրորդ, Հինգերորդ եւ Վեցերորդ ուժերի ստեղծումը»։

Ապրիլի 28-ը` երկխոսության, կամ ջրբաժանի օր


Հայաստան -- Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է իր աջակիցներին, Երեւան, 8-ը ապրիլի, 2011թ.
Ամփոփելով ելույթը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որը կկայանա ապրիլի 28-ին, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը»:

«Եթե դա տեղի չունենա, ապա Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր», - հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG