Մատչելիության հղումներ

Ղարաբաղում զորավարժություններ են անցկացվել


Ապրիլի 18-23-ը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի Արեւելյան օպերացիոն ուղղության զորքերի խմբավորման հետ անցկացվել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց ընթացքում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն, հաշվի են առնվել «ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա վիճակից բխող հավանական զարգացումները, այնպես էլ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` «զորավարժության նպատակն էր բարձրացնել օպերացիոն ուղղության զորքերի կառավարման մարմինների, դրանցում ստեղծված աշխատանքային խմբերի, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների ու շտաբների ունակությունները պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման ժամանակ, ինչպես նաեւ կատարելագործել նրանց մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման եւ զորքերի օպերատիվ ծավալման գործնական պատրաստվածությունը»:

Զորավարժությունը, որը մեկնարկել է տագնապ ազդականչով եւ անցել պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման բոլոր փուլերը, նախորդներից տարբերվել է մի շարք առանձնահատկություններով: «Դրանցից, թերեւս, ամենագլխավորը արդիական պատերազմում կիրառվող մարտավարական ու ռազմավարական խնդիրների ճշգրտումն էր եւ լուծման նոր ուղիների հստակեցումը», - ասված է հաղորդագրությունում:

Համաբանակային նշանակության միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ զորքերի` բարձր աստիճանների մարտական պատրաստականության բերման, զորահավաքային ռեսուրսով դրանց համալրման եւ ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների եւ զորավարժություններում ներգրավված ողջ զինանձնակազմի առջեւ դրված խնդիրների կատարման հաջորդականությանն ու որակական ցուցանիշներին:

Տասն օր առաջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շուրջ մեկ տասնյակ ռմբակոծիչներ եւ ուղղաթիռներ վարժական թռիչքներ էին իրականացրել Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG