Մատչելիության հղումներ

Վարչական վարույթ` կարագի եւ բուսական յուղի շուկաներում


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր որոշել է վարչական վարույթ հարուցել կարագի եւ բուսական յուղի շուկաներում գերիշխող «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ` հիմք ընդունելով իր մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները:

Հանձնաժողովի կողմից մանրածախ առեւտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի եւ բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ:

Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս Գրիգ»-ը հանձնաժողովին կներկայացնի տեղեկատվություն` իր կողմից իրացվող կարագի եւ բուսական յուղի ձեռք բերման եւ իրացման գների վերաբերյալ: 5 -օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաեւ հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, իրացման ծավալներով «Ալեքս Գրիգ»-ը զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան մեկ երրորդը՝ 35.4 տոկոս մասնաբաժնով, իսկ արեւածաղկի եւ եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37.5 տոկոս է:

Հանձնաժողովը որոշել է տեղեկատվություն պահանջել նաեւ վերոնշյալ շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից, պարզելու` արդյո՞ք կան կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես` այլ խոշոր տնտեսվարողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG