Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պարզաբանում է իր ղեկավար անդամների հայտարարությունների արձագանքները


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Սփեփան Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Սփեփան Սաֆարյան
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը պարզաբանում է տարածել կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի անցած շաբաթ կատարած հայտարարությունների վերաբերյալ:

«Ժառանգության» լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Հակոբյանի եւ Սաֆարյանի անցյալ շաբաթ կայացած մամուլի ասուլիսների լուսաբանումներում եւ որոշ վերլուծաբանների նյութերում «փորձ է արվել հակադրություն ստեղծել քաղաքական զարգացումների վերաբերյալ բանախոսների տված գնահատականների ու կատարած կանխատեսումների միջեւ»:

«Հետագա վերլուծական եւ լրատվական հրապարակումներում արհեստածին շահարկումները բացառելու առումով հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումները այս կամ այն խնդրի կապակցությամբ ամրագրված են նրա ղեկավար մարմինների (համագումար, խորհուրդ, վարչություն) բանաձեւերում եւ որոշումներում, եւ երկու բանախոսներն էլ չեն հնչեցրել դրանցում ամրագրված գնահատականներին հակասող կամ բացառող որեւէ դիրքորոշում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, անցյալ երեքշաբթի Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել: Իսկ հաջորդ օրը Ստեփան Սաֆարյանը ասել էր, թե ՀԱԿ-ի մասին նման հայտարարություններ անելը, այդպիսի գնահատականներ հնչեցնելը Ռուբեն Հակոբյանի անձնական ընտրությունը եւ անձնական բառաֆոնդն էր։

«Այն, ինչ այսօր կատարվում է ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջև, շատ վատ է։ Երկու կողմերս էլ պետք է կանգ առնենք», - ասել էր Սաֆարյանը` միեւնույն ժամանակ շեշտելով, թե ՀԱԿ-ը մի վիճակում է, երբ հետ կամ առաջ քայլ անելու տեղ չունի. այդ ուժի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ձեռնոց է նետել ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիր ուժերին, բայց մի օր կտեսնի, որ ինքը բոլորովին միայնակ է»։

«Ինչպես միշտ եւ իբրեւ ներքին ժողովրդավարության բարձր աստիճան ունեցող կուսակցության ներկայացուցիչներ, նրանք ազատ են եղել նաեւ իրենց կանխատեսումներում, ինչը ամենեւին շեղում չէ կուսակցության գծից եւ ամենեւին չի հարուցում այնպիսի հարց, թե նրանցից որի կանխատեսումն է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, քանի որ կուսակցությունը չի կարող ունենալ պաշտոնական կանխատեսում», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG