Մատչելիության հղումներ

Մսամթերք արտադրող ընկերությունները տուգանվեցին


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր որոշել է 500-հազարական դրամի (շուրջ 1350 դոլար) չափով տուգանել մսամթերք արտադրող «Բարի սամարացի», «Գեղարդ մսամթերքի կոմբինատ» «Մարիլա», «Աթենք», «Երեմկա», «Գամջալյան եղբայրներ», «Էրեբունի աստղ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Ա. Բիլյան», «Մուշ» ընկերություններին եւ «Արարատ» արտադրական կոոպերատիվին:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` իրականացված դիտանցումների արդյունքում որոշ մանրածախ առեւտրի կետերում հայտնաբերվել են տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի տեսակներ, որոնք շուկա են հանվել օրենքի խախտումներով, մասնավորապես` դրանց փաթեթավորման վրա բացակայում են արտադրության տարեթիվը, ամիսը, օրը:

«Վերոնշյալ ընկերությունների կողմից ոչ պատշաճ մակնշումը օրենքի խախտում է: Այն կարող է ապակողմնորոշել սպառողին: Տնտեսվարողի կողմից նման վարքագիծը, որը կարող է մոլորեցնել հասարակությանը, համարվում է անբարեխիղճ մրցակցություն», - ասված է հաղորդագրությունում:

Բացի 500-հազարական դրամի չափով տուգանքից, որը այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է, հանձնաժողովի որոշմամբ` այս ընկերությունները պարտավոր են 5-օրյա ժամկետում հանել նշված արտադրատեսակները շրջանառությունից եւ հետագայում բացառել օրենքի խախտումը:

Ուսումնասիրությունների արդյունքները կտրամադրվեն նաեւ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG