Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի նախընտրելի թեկնածուն Պուտինն է


Ռուսաստան - Վարչապետ Վլադիմիր Պուտինը նախագահ Դմիտրի Մեդվեդեւի դիմանկարի մոտ, Յուժնո-Սախալինսկ, 19-ը մարտի, 2011թ.
Ռուսաստան - Վարչապետ Վլադիմիր Պուտինը նախագահ Դմիտրի Մեդվեդեւի դիմանկարի մոտ, Յուժնո-Սախալինսկ, 19-ը մարտի, 2011թ.
2012 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համար նախընտրելի թեկնածուն վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հինգշաբթի երեկոյան կուսակցության անունից հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի նախագահության քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովը:

Չնայած Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ չէ` նա այս կուսակցության առաջնորդն է:

Օրերս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Չինաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում չէր բացառել իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին եւ հայտարարել էր, որ դրանցում առաջադրվելու որոշում կկայացնի առաջիկայում:

«Եդինայա Ռոսիա»-ի հայտարարության նախօրեին Վլադիմիր Պուտինը, իր հերթին, չէր բացառել, որ նույնպես կմասնակցի նախագահական ընտրություններին:

«Կրկնում եմ` ո'չ ես, ո'չ Դմիտրի Մեդվեդեւը չենք բացառում, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցել ընտրապայքարին», - ասել էր Պուտինը:

Ռուսաստանցի փորձագետները, արեւմտյան մամուլը փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում` արդյո՞ք Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ առկա տարաձայնությունները, անկախ քաղաքականություն վարելու` Մեդվեդեւի վերջին շրջանի փորձերը նշանակում են, որ տանդեմի երկու անդամների միջեւ իրական պայքար է սկսվել, իսկ եթե նման պայքար է սկսվել, ապա ո՞վ է մասնակցելու ընտրություններին, եւ արդյո՞ք հնարավոր է, որ երկուսն էլ մասնակցեն:

Քաղաքագետները միանշանակ պատասխան այս հարցերին չեն տալիս: Նրանց մի մասը համոզված են, որ իրական պայքար Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ չկա. նման կարծիք է հայտնել, օրինակ, քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:

Ռուսաստանցի փորձագետներից քչերն են հավատում, որ Մեդվեդեւը նախագահության երկրորդ ժամկետի ռեալ շանսեր ունի:

«Ռուսաստանյան քաղաքականությունը շատ փակ քաղաքականություն է, ինչ է իրականում կատարվում Կրեմլում` ոչ ոք չգիտի: Մենք չգիտենք, թե ինչի մասին են պայմանավորվել Պուտինը եւ Մեդվեդեւը 2008 թվականին, չգիտենք, թե ինչ պայմաններով է Մեդվեդեւը ստանձնել Պուտինի ժառանգորդի դերը», - ասում է, մասնավորապես, հայտնի քաղաքագետ եւ արձակագիր Վիկտոր Շենդերովիչը:

Իսկ The New Times հանդեսի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Եվգենիա Ալբացը թեեւ չի բացառում, որ Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ սկսվել է իրական հակամարտություն, այդուհանդերձ, համոզված է, որ այդ հակամարտությունում, եթե այդպիսին կա, Մեդվեդեւը հաղթելու շանսեր չունի:

«Մեդվեդեւը շատ քիչ ժամանակ ունի, եւ ժամանակը այսօր Պուտինի օգտին է աշխատում: Մեդվեդեւը պետք է շտապի, պետք է փորձի քաղաքական եւ գործարար վերնախավին համոզել, որ ինքն է Ռուսաստանի տերը, իսկ դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել», - ընդգծում է փորձագետը:

Նախագահական ընտրություններին Ռուսաստանում նախորդելու են այս տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG