Մատչելիության հղումներ

Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության հաստատմանը


Երեկ Բեռլինում տեղի է ունեցել Աֆղանստանին նվիրված` արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Նալբանդյանը
վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման եւ ծառայությանն առնչվող հարցերում արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Բեռլինում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են հայ - գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիներին, քննարկել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել անցյալ տարի Հայաստանի նախագահի Գերմանիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Երկուստեք նշվել է, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է գործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, համագործակցությունը մշակութային եւ կրթական ոլորտներում:

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ իր ավստրալացի պաշտոնակից Քեւին Ռուդի հետ, կարճատեւ զրույցներ ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG