Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը դեռ պետք է քննարկի «քաղաքացիական անհնազանդության» տարբերակները


Ընդդիմության հանրահավաքը 2011թ. մարտի 1-ին
Ընդդիմության հանրահավաքը 2011թ. մարտի 1-ին
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չի բացառում, որ Կոնգրեսի հանրահավաքները կարող են տեղափոխվել Բաղրամյան պողոտա: Այս մասին Զուրաբյանը հայտարարեց այսօր հրավիրած ասուլիսում:

Կոնգրեսի համակարգողը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ընդգծեց, թե քաղաքացիական անհնազանդությունը, որի մասին ինքը խոսել էր ընդդիմության նախորդ հանրահավաքում, կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ` «որոնցից մեկը կարող է լինել նաեւ դեպի Բաղրամյան պողոտա հանրահավաքի տեղափոխումը եւ տեղական իշխանության մարմինների պիկետավորումը»:

Նա հավելեց, թե այլ տարբերակների մեջ մտնում են անժամկետ նստացույցները, հարկերի վճարումը բոյկոտելը, որոնց շուրջ, սակայն, պետք է կոնկրետ քննարկումներ անցկացնել եւ որոշել` դրանցից որոնք են կիրառելի Հայաստանյան իրականության համար, եւ երբ են սկսվելու այդ ակցիաները:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, իրենց համար ամենացանկալի տարբերակը իշխանությունների հետ քաղաքակիրթ մեթոդներով եւ խաղաղ բանակցությունների միջոցով բոլոր նպատակների իրագործումն է:

Լեւոն Զուրաբյան
«Բայց սա պատերազմ է, եւ եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, պետք է պատրաստվենք պատերազմի, եւ պատրաստվելու ենք», - հայտարարեց Կոնգրեսի համակարգողը:

Ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 3 պահանջ ներկայացրեց իշխանություններին` «ազատել քաղբանտարկյալնելրին, վերացնել Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքը եւ պաշտոնապես հավաստիացնել, որ բացահայտվելու են 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները»:

Այս առնչությամբ Լեւոն Զուրաբյանն այսօր պարզաբանեց, որ խոսքը մինչեւ ապրիլի 28-ի ընդդիմության հանրահավաքը իշխանություններին ներկայացվող վերջնագրի մասին չէ. - «Ամսի 28-ը շատ հանգրվանային ժամկետ է: Դրա մասին Տեր-Պետրոսյանը շատ հստակ նշել է. արդյո՞ք այդ օրը կդառնա երկխոսության սկզբնավորման օր, կամ իշխանության եւ հասարակության մեջ վերջնական ջրբաժանի օր: Հավատացեք, Տեր-Պետրոսյանը երբ որ վերջնագիր դնի, ինքը դա կդնի շատ հստակ, պարզ քաղաքական լեզվով»:

Այսօր հրավիրած ասուլիսում Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը իրականում պայմանավորվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: Կոնգրեսի համակարգողը հերքեց նման գործարքի հնարավորությունը` ընդգծելով, թե «երկրում ծավալվում է անհաշտ պայքար բռնապետության, եւ ժողովրդի ազատագրական շարժման միջեւ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG