Մատչելիության հղումներ

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ ձվի շուկայի նկատմամբ հսկողություն կսահմանվի


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր որոշել է Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` ամենօրյա հսկողություն սահմանել հավի ձվի շուկայում գործող տնտեսվարողների գործունեության նկատմամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Սուրբ Զատիկի տոնի հետ կապված՝ Հայաստանում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում, եւ այսօր ընդունված որոշումը նպատակ ունի կանխել տնտեսվարողների կողմից հնարավոր չարաշահումները:

Հանձնաժողովից ստացված հաղորդագրության համաձայն, այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջվի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաեւ բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաեւ առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ-ի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առեւտրի կետերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հավի ձվի ապրանքային շուկային, ասված է հաղորդագրությունում:

Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցին այս տարի նշում է ապրիլի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG